1in.am. Ինչպես ավելի վաղ նշել էինք, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման մասնակիցների հարցերին։ Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին ԼՂ կոնֆլիկտի առնչությամբ․
«Ես Ձեզ համարում եմ շատ մեծ ժողովրդավար, երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք այլևս Ղարաբաղը չեք ներկայացնում, շատերը հույս ունեին, որ Դուք կարևոր քայլեր կձեռնարկեք նաև խաղաղության ուղղությամբ, օրինակ, ասենք, Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» հայկական զորքերի հետքաշման տեսքով, ցավոք, դա տեղի չունեցավ։ Դրանից հետո հնչեց Ձեր կողմից՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Ինչ կանեք այդ հույսի հետ, պարոն Փաշինյան»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել։
«Դուք ասում եք տարածքներ, Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին, մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը ներկաներին պատմեց Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպային սպանելու մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանին արտահանձնելուց հետո Սաֆարովին ազատ են արձակել և հերոսացրել։
«Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, որովհետև խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին Ադրբեջանի կողմից։ Երբ ասում են տարածք, մենք ընկալում ենք անվտանգություն։ Ոչ միայն Հայաստանը, այլև ԼՂ-ն պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների բացակայության հետ։
Ինչ վերաբերում է «Հայաստանը Ղարաբաղ է, և վերջ» արտահայտությանը, Նիկոլ Փաշինյանը նշել է․
«Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, և սրանով ամեն ինչ ասված է»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջին հանդիպումից հետո շփման գծում լարվածությունն աննախադեպ ցածր մակարդակի է․
«Մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից 1.5 տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից, ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որին հաջողվել է Ալիևի հետ հասնել 2018-ի սեպտեմբերից ի վեր։
Ես մեծ հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում»։