Հարցազրույց երիտասարդ արձակագիր Ջեսահի հետ
– Հաճախ չի պատահում, երբ առաջին գրքի շուրջ՝ այն էլ հրատարակման փուլում գտնվող, խոսակցություններ պտտվեն («Անտարեսը» պատրաստում է Ջեսահի «Անանկենդան» վեպը): Օրինակ, ձեր դեպքում ասում են, որ վեպը պոստմոդեռնիստական է, մեր ժամանակներին հատուկ արագությամբ, հախուռնությամբ, ինչպես նաեւ նշում, որ դուք որոշում եք կայացրել ստեղծագործական կյանքում հանդես գալ կեղծանվամբ, ավելին՝ երբեւէ չհրապարակել սեփական լուսանկարը:
– Ես պատրաստ չեմ իմ ինքնությունները նույնացնել, ինքնությանս այն բաղադրիչը, որը գրում է, չեմ ուզում խառնել մյուսների համախումբ հանդիսացող անձիս հետ, որը մասն է կազմում մերօրյա իրականության, հետեւում է լրահոսին, երբեմն ցածրորակ երաժշտություն լսում… Բացի դրանից, «Ջեսահ» շատ ավելի քաղցրահունչ է, քան…
– «Անանկենդան» վերնագրից կարելի է ենթադրել, որ ստեղծագործությունը մութ գույների շրջանակում է: Եթե այո, ապա ինչո՞ւ որոշեցիք առաջին գիրքը մինոր լադում հրամցնել:
Կարդացեք նաև
– Լուսավոր ու դրական պատմություններով ընկերներիս հետ եմ կիսվում, անցնում-գնում է, իսկ ներսիս մութ գույները ներքին մենախոսություններով եմ փորձում վեր հանել: Եթե չեմ կարողանում՝ թղթին հանձնելով եմ հասկանում, օգնում է: Վեպը գրելուց առաջ խոր դեպրեսիայի մեջ էի ու միայն գրելն ինձ այդ վիճակից հանեց: Առօրյայից, իրականությունից, ինչպես եւ անձիցս կտրվելով, վեպի գլխավոր կերպարի նման ապրելու արդարացումն ու չպարտվելու ճանապարհն էի փնտրում: Կարծում եմ՝ եթե այլ շրջանում գրեի, ինձ մոտ չէր հաջողվի: Գրչի թանաքը ձեր նշած մութ գույներն են:
– Ասացիք, որ վեպի գլխավոր կերպարը մեկն է, որը փնտրում է ապրելու արդարացումը, կյանքի չպարտվելու ճանապարհը: Մինչդեռ բոլոր ժամանակներում, այսօր էլ, յուրաքանչյուր ոք այդ սկզբունքով է առաջնորդվում:
– Այո, բայց գլխավոր կերպարի համար պարտություն է այն, ինչը շատերը երեւի հաջողություն կանվանեն: Հաջողության ընկալման տարբերությունը գրքում հասունացող կոնֆլիկտներից մեկն է:
– Ի վերջո, ոմանք հաղթում են, ոմանք՝ պարտվում: Ո՞ր տեսակին է պատկանում ձեր հերոսը:
– Այն տեսակին, որը չի ցանկանում կեղծ հաջողությունների բերկրանքին տրվելով՝ անտեսել պարտության անխուսափելիությունը: Վերջինիս գիտակցման արդյունքում էլ նա հայտնվում է անվերջանալի պայքարի հարահոսում, որտեղ պետք է կռիվ տաս սեփական անձիդ եւ ամենի դեմ: Ի վերջո, բոլորն էլ կռիվ են տալիս, բայց հանուն ինչի՞:
– Այսինքն՝ ձեր հերոսը հաղթանակի ու պարտության հորձանուտում է: Մինչդեռ չկա մեկը, որ չձգտի հաղթանակի: Ձեր հերոսը որեւէ քայլ չի՞ անում դրան հասնելու համար:
– Այդ հարցի պատասխանը մասամբ թաքնված է ստեղծագործության անվան մեջ: Անանկենդան՝ ոչ թե կենդանի, այլ չմեռած, ոչ թե հաղթող, այլ չպարտվող: Գլխավոր կերպարը չի պարտվում միայն այն պատճառով, որ դեռ չի մեռել:
– Համակարծիք կլինե՞ք, որ ձեր առաջին գրքին տանք փիլիսոփայական աստառ: Եթե այո, ապա ընթերցողը, այն էլ այսօրվա մեր քաղաքականացված կյանքում, կտեսնի՞ իրեն: Չէ՞ որ ցանկացած ստեղծագործության նպատակն այն է, որ յուրաքանչյուր ոք հենց իրեն տեսնի տվյալ աշխատանքում:
– Պետք է որ տեսնի: Նպատակ էի դրել հային կամ այլ փոքր ազգերին հատուկ խնդիրները վերստեղծել այլ տարածություններում, միաժամանակ չօգտագործել հայկական տեղանուններ, «յան»-ով վերջացող ազգանուններ եւ այն ամենը, ինչ կարող է ասոցացվել Հայաստանի հետ: Իսկ իրադարձությունները, Լոնդոնում ծավալվելով, հեռու են Հայաստանից եւ ամեն տեսակ հայկականից, սակայն միեւնույն ժամանակ լցված են հային եւ այլ փոքր ազգերին հատուկ խնդիրներով ու մտահոգություններով:
– Մեր դիտարկմամբ՝ ձեր տարեկից արձակագիրները չեն անդրադարձել հեղափոխական ու հետհեղափոխական մեր իրականությանը: Հնարավո՞ր է, որ այդ բացերը դուք լրացնեք առաջիկայում:
– Դժվար թե: Մենք հիմնականում մեր քաղաքական վիճակի բացատրությունը փնտրում ենք հենց այդ նեղ տիրույթի շրջանակում, մինչդեռ շատ հարցերի պատասխաններ այլ արմատներ ունեն: Ինչքան էլ դատարկ դույլը իջեցնենք նույն աղբյուրի հորը՝ նույն ջուրն ենք ստանալու, ամեն անգամ այդ գործողությունն անելիս մենք նոր ակնկալիք ենք ունենում, բայց ցանկալի արդյունքը ստանալու համար այլ տեղ փնտրել է պետք: Հետեւաբար ես կարծում եմ, որ շատ քաղաքական հարցերի պատասխաններ մենք սխալ տեղ ենք փնտրում: Եթե մի օր անդրադառնամ քաղաքական թեմաներին, ապա կանեմ դա ոչ ուղղակիորեն, հարցին մոտենալով այլ կողմերից:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
13.02.2020