Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության սցենարների այլընտրանքը

Փետրվար 14,2020 13:00

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի հետ

– Կառավարությունը հանրային քննարկման դրեց Հայաստանի էներգետիկայի զարգացման 2020-2040 ծրագիրը: Ի՞նչ կասեք երկարաժամկետ այդ ծրագրի մասին:

– Կարծում եմ, բոլորս արդեն վաղուց սովորել ենք, որ այս կամ այն ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության ձեւավորման փոխարեն իշխանությունները նախընտրում են նույն այդ ոլորտներին առնչվող տարատեսակ միֆեր սնուցել՝ ստեղծելով լուրջ ու համակարգային աշխատանքի պատրանք:

Հենց այդպիսի իրավիճակ ունենք ներկայումս Հայաստանի էներգետիկ համակարգում: Ճիշտ է, կարող են առարկել՝ ասելով, որ դեռ դեկտեմբերին կառավարությունը հանրային քննարկման դրեց Հայաստանի էներգետիկայի զարգացման 2020-2040 ծրագիրը: Սակայն ոլորտին գոնե մակերեսորեն ծանոթ ու վերլուծելու ունակություն ունեցող յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ ներկայացված ծրագիրը ոչ այլ ինչ է, քան բազմաթիվ խնդիրների թվարկում՝ դրանց լուծելու պատրաստակամության քաղաքական կոչերով: Էլ չեմ խոսում ծրագրում առկա հակասությունների, դրա նկարագրողական բնույթի, ինչպես նաեւ փաստագրական բազայի սնանկության մասին: Ուստի, շատ նորմալ է ու տրամաբանական, որ կառավարությունը, մի կողմ դնելով ոլորտի մի շարք անվտանգային նշանակության խնդիրներ, տարված է բացառապես հանրությանը հերթական միֆը վաճառելու անհեռանկարային գործով:

– Նկատենք, որ անհեռանկարային գործը կապված է Իրան-Հայաստան գազամուղի հետ: Մի՞թե միֆ է այն, քայլեր չե՞ն արվում:

-Այսպես, բացարձակ ռազմավարական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքների պարալիզացման պայմաններում իշխանությունները այժմ էլ հայտարարում են հայ-իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի կառուցման անհրաժեշտության մասին: Ավելին՝ Իրանից նավթը Հայաստան հասցնելու համար երկու սցենար են առաջարկում.

1.Կառուցել հայ-իրանական նավթամուղ,

2.Նավթը տեղ հասցնել Իրան-Հայաստան գազամուղով:

Նախ՝ անհրաժեշտ է փաստել, որ միջազգային փորձի համաձայն՝ նման ձեւաչափի նախագծերի գլխավոր շահառուն էներգառեսուրս արտահանող կողմն է, տվյալ դեպքում՝ Իրանը: Ուստի, ժանրի կանոնների համաձայն՝ նման հայտարարությամբ պետք է հանդես գար նախ իրանական կողմը՝ պատրաստակամություն հայտնելով միջոցներ տրամադրելու նման ենթակառուցվածքային նախագծի համար: Մինչդեռ ակնհայտ է, որ, հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ պատժամիջոցային քաղաքականության սաստկացումը՝ Իրանի ու դրա բանկային համակարգի հնարավորությունները սահմանափակ են ու այժմ կենտրոնացած են բացառապես ներքին սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա. ազգային արժույթի կտրուկ անկման, տնտեսության ռեցեսիայի պայմաններում դժվար է պատկերացնել, որ Թեհրանը կարող է գնալ նման քայլի: Միաժամանակ պետք է հաշվի առնել հայաստանյան շուկայի սահմանափակ ծավալները ու մյուս կողմից՝ Հայաստանում վերամշակված իրանական նավթի երրորդ շուկաներ դուրս գալու հնարավորությունների բացակայությունը: Ակնհայտ է, որ հակաիրանական պատժամիջոցների կիրառման պայմաններում այդ «նավթային միջանցքին» Վրաստանը չի միանա, ինչպես ժամանակին չմիացավ գազային սվոփ-միջանցքին: Այս հանգամանքները հաշվի չառնելը կամ էլ դրանք գիտակցելով՝ նախագծի նպատակահարմարության մասին հայտարարելը նշանակում է զբաղվել տարրական քաղաքական-տնտեսական պոպուլիզմով: Ի դեպ, երբ մոտ 10 տարի առաջ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը քննարկում էր Թավրիզ-Երասխ նավթամուղի կառուցման նպատակահարմարությունը, նախագիծը գնահատվել էր մոտ 250 մլն դոլար՝ առանց վերամշակման գործարանի: Սա պարզապես որպես կողմնորոշիչ:

– Պարոն Դավթյան, իսկ ի՞նչ կասեք Ձեր իսկ նշած երկրորդ սցենարի հեռանկարի մասին:

– Ինչ վերաբերում է երկրորդ սցենարին՝ Իրան-Հայաստան գազամուղով նավթ ներկրելու հեռանկարին, ապա նման առաջարկից երեւում է, որ իշխանությունները հերթական անգամ խուսափել են մասնագետների հետ խորհրդակցելուց: Իհարկե, տեխնիկապես դա հնարավոր է: Կա նաեւ նման նախադեպ. տարիներ առաջ Սաուդյան Արաբիան Կարմիր ծովից Պարսից ծոց նավթ տեղափոխելու համար օգտագործեց իր գազամուղերը: Սակայն դա չվերածվեց շարունակական պրակտիկայի, քանի որ գազամուղը նավթ տեղափոխելուց հետո պետք է մաքրվի հատուկ մղիչի միջոցով, ինչը բավականին թանկ հաճույք է: Ավելին՝ նման պրակտիկան ընդունելի է միայն մեկանգամյա փոխադրման համար, քանի որ եթե առկա է գազամուղը մշտապես նավթի տեղափոխման համար օգտագործելու նպատակ, ապա անհրաժեշտ է այն լրջորեն վերազինել, փոխել առանձին տեխնիկական պարամետրեր եւ այլն: Դա, իհարկե, ավելի էժան է, քան նոր նավթամուղ կառուցելը, բայց ամեն դեպքում բավականին թանկ հաճույք է: Չեմ կարծում, որ նման սցենարով գնալը կարող է իրատեսական լինել Հայաստանի համար: Մյուս կողմից, այստեղ բախվում ենք հերթական հակասությանը: Իշխանությունները մեկ խոսում են Իրանից բնական գազի ներկրման ծավալների ավելացման անհրաժեշտության մասին, մեկ հայտարարում են նույն գազամուղով սվոփ-տարբերակով թուրքմենական գազ ներկրելու մասին, այժմ էլ հասան գազամուղը նավթի փոխադրման նպատակով օգտագործելուն: Այս ամենը վկայում է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման երկարաժամկետ ռազմավարության իսպառ բացակայության մասին, ինչն իր մեջ նաեւ վտանգ է պարունակում ազգային անվտանգության համար:

– Իրանի նկատմամբ պատժամիջոցներն արդյոք չե՞ն ազդում էներգետիկ քաղաքականության վրա:

– Առհասարակ, Իրանի էներգետիկ ինտեգրացիոն քաղաքականությանը որեւէ ձեւաչափով մասնակից լինելու մասին հրապարակային հայտարարություններ անելուց առաջ իշխանությունները պետք է յոթ անգամ չափեն մեկ անգամ կտրելուց առաջ: Այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ըմբռնումով է մոտենում հայ-իրանական համագործակցությանը, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, պայմանավորված է բացառապես այդ համագործակցության չափազանց համեստ ծավալներով ու Իրանի՝ Հայաստանի տարածքով երրորդ շուկաներ դուրս գալու իրական հնարավորությունների բացակայությամբ: Թերեւս, հենց դա է Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման դե-ֆակտո սառեցման պատճառը: Հենց դա է նաեւ Փաշինյանի կողմից դեռ մեկ տարի առաջ բանեցվող՝ Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազային միջանցքի ձեւավորման մասին հռետորաբանության դադարեցման պատճառը: Հաշվի առնելով հակաիրանական պատժամիջոցների ընդգծված էներգետիկ բովանդակությունը՝ նմանատիպ հայտարարությունները պետք է նախապես գնահատվեն հենց նշված՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

– Պարոն Դավթյան, վերջերս լույս տեսավ Ձեր ուսումնասիրությունը: Որ շրջանակներին է այն հասցեագրված:

– «Հայաստանի էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության աշխարհաքաղաքական չափումը» ուսումնասիրությունը, որը լույս տեսավ այս տարվա հունվարին, հինգ տարիների ամփոփումն է՝ Հայաստանի էներգետիկ-տրանսպորտային աշխարհաքաղաքական հիմնախնդիրների՝ տարածաշրջանում տեղի ունեցող փոխակերպումների համատեքստոււմ:

Առաջարկվում է լուծումներ, էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ համակարգերն ավելի անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այն նախատեսված է փորձագետների, էներգետիկ քաղաքականություն իրականացնողների, մասնագետների համար:

Հարցազրույցը՝  Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829