Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպիսի բաներ կարող եմ ասել, Էդմոն Մարուքյանը նույնիսկ Վանաձոր քաղաքում չկարողանա այլեւս գնա մշտական բնակության»

Փետրվար 14,2020 14:00

Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ի հանդեպ վերջին օրերին բուսնած իրենց սիրո, Մարուքյանի «դավաճանության ու ինքնասպանության» եւ քաղաքական առեւտրի մասին

Մենք, ինչպես ասում են, չմեռանք ու այն օրն էլ տեսանք, որ իմքայլականները ԱԺ ամբիոնից շնորհակալություն են հայտնում ԲՀԿ-ին՝ իր կեցվածքի, քաղաքական ճիշտ դիրքորոշման համար: Ինչ է թե ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանի» պես չի հայտարարել, որ հանրաքվեն հակաօրինական է: Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների մոտ գովերգում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ասելով, թե ի տարբերություն Մարուքյանի, ԲՀԿ-ն տվայտանքների մեջ չի եւ քաղաքական առումով կարծես շատ ավելի վստահ է իրեն զգում:

«Առավոտը» Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ վերջին օրերին ձեր սերը ԲՀԿ-ի նկատմամբ զարմանալի է, ինչո՞վ է պայմանավորված: Նա արձագանքեց. «Իմ սե՞րը, ես սիրո՞ւմ եմ ԲՀԿ-ին, բացառված է: Ես երբեւիցե ասե՞լ եմ շնորհակալություն ԲՀԿ-ին»:

Հարցին՝ «Իմ քայլը» առեւտրի մե՞ջ է մտել ԲՀԿ-ի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ի՞նչ առեւտուր, մենք որեւիցե մեկի հետ առեւտրի մե՞ջ ենք մտել: ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը հայտարարել է, որ ինքը, այնուամենայնիվ, «ոչ»-ով է զբաղվելու: Ո՞նց կարող է նման բան լինի: Ոչ, իհարկե, ոչ: Քաղաքական իրավիճակի սթափ գնահատական է, լավին ասում ենք լավ, վատին ասում ենք վատ»:

Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ՝ «Եթե ես հիմա սկսեմ պատմել, թե հեղափոխության ժամանակ ով ինչով է զբաղված եղել ու ինչ է ասել իր կաբինետում, կարող է այդ մարդիկ իրենց խփեն, ինքնասպանության դիմեն»: Ուստի Ալեն Սիմոնյանին հարցրեցինք՝ դուք «Ելք» խմբակցության պատգամավոր եք եղել ու երբ հեղափոխության ճանապարհային քարտեզն էր քննարկվում խմբակցության աշխատասենյակում, դուք եղել եք, ինչե՞ր եք ասել, որ այսօր Մարուքյանը «դրոշ է թափ տալիս»՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ ինքը մաքսիմալ շուտ եւ մաքսիմալ շատ հրապարակի, ես խնդրում եմ: Թող իր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների մասին հրապարակումներ անի»: Ճշտեցինք՝ գաղտնի հանդիպումնե՞ր նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ, ինքը կիմանա՝ գաղտնի հանդիպե՞լ է, թե՞ չի հանդիպել: Ես իմ ունեցած տեղեկությունները այս պահին պատրաստ չեմ հրապարակել, բայց եթե ինքը հրապարակում է ուզում անի, ես պահանջում եմ իրենից, որ մաքսիմալ արագ այդ հրապարակումներն անի, անցնենք, գնանք, պրծնենք»: Փոխանցեցինք՝ Մարուքյանը չի պատրաստվում դա հրապարակել, որովհետեւ ասում է՝ չի ուզում ինքնասպանության դրդելու հոդվածով դատվել: Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես առաջարկում եմ ինքը հրապարակի, որովհետեւ ինքը ինքնասպանության եզրին կանգնած քաղաքական գործիչ է, որը քաղաքական առումով թերեւս արդեն ինքնասպան է եղել շատ շուտվանից»:

Հարցին՝ այսպես «նվիրյալների» ու «հակապետականների» բաժանելով դաշտը՝ ո՞ւր եք հասնելու՝ նա պատասխանեց. «Փաստացի այսօր փորձ է արվում հեղափոխությունը խլել: Մենք հեղափոխական ենք, ես հեղափոխական եմ ու նվիրված եմ հեղափոխությանը, ինձ նվիրյալ եմ համարում: Ես իմ ելույթում ասել եմ՝ հայտարարեք, թե դուք ով եք քաղաքական դաշտում, որովհետեւ պատճառներ գտնել ու ասել, թե ես բան գիտեմ, ասելու եմ… ես էլ կարող եմ նման բաներ ասել: Այնպիսի բաներ կարող եմ ասել, Էդմոն Մարուքյանը նույնիսկ Վանաձոր քաղաքում չկարողանա այլեւս գնա մշտական բնակության, այնպիսի՜ բաներ կարող եմ ասել: Ե՞ս էլ ասեմ այդպիսի բաներ: Բայց դա քաղաքականություն չի: Հիշո՞ւմ եք ինքը ինչ էր ասում հեղափոխության ժամանակ, ասում էր՝ կա երրորդ ճանապարհը: Ըհը, դե հիմա ինքը ընտրել է երրորդ ճանապարհը: Մի անգամ ընտրեց, տեսավ, որպես քաղաքական գործիչ ինքն իրեն գլխից խփեց, հիմա երկրորդ անգամ է ընտրում: Ինքը իրեն գլխից խփելուց բացի, մենք ասելու ենք՝ գիտե՞ք ով է այս մարդը, այն մարդն է, որն իրեն այսպես է պահում, եկեք  հասկանանք այս մարդն ընդհանրապես ով է՝ որպես քաղաքական գործիչ: Ի դեպ, որպես մարդ, բավականին հաճելի անձնավորություն է շփման մեջ, երբ կաղապարված չի ինչ-որ մտահոգություններով ու վախերով»:

Հիշեցրինք՝ Մարուքյանը զգուշացնում է, որ ամեն անգամ նույն հաջողությունը չեք ունենա, «պապն ամեն անգամ փլավ չի ուտի»՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, ինքը շատ կարճ հաշվարկ անող անձնավորություն է եւ իրեն թվում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը այն նույն ձեւով աշխատող իշխանությունն է, որը ժամանակին իր հետ ձեռքսեղմում է ունեցել: Ինքը չարաչար սխալվում է, թերագնահատում է հա՛մ մեզ, հա՛մ գերագնահատում է իրեն: Ինքը եզրին է կանգնած՝ որպես քաղաքական գործիչ: Իրեն տրվել է այդ շանսը ճակատագրի, կյանքի կողմից բազմաթիվ անգամ թոթափել այն ամենը, ինչը այսօր իրեն ստիպում է գիշերները չքնել: Իրեն այդ շանսը հիմա էլ է տրվում, ԱԺ ամբիոնից էլ եմ ասել, ինքը այդ շանսը չի օգտագործում ու հիմա ես վախենում եմ իր համար, մտահոգված եմ իր համար, որովհետեւ ինքը անկման եզրին է: Այդ անկումն արդեն անխուսափելի է դառնում»:

Մեր դիտարկմանը՝ մարդու հետ ճանապարհ եք գնացել, այսպես քաղաքական հետեւակներով, հեծելազորով վրայով անցնել, ինչ է թե՝ հակառակ կարծի՞ք ունի… Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Հարցը այն չի, որ մենք «Բանկային գաղտնիքի մասին» օրենք կամ «Ընտրական օրենսգիրքն» ենք քննարկում, ինքը ասում է՝ եկեք մեծամասնականը հանենք: Սա ուրիշ բանի մասին է: Սա հեղափոխության փուլերից մեկն է: Հեղափոխությունը չկարողացավ կանգնեցնի անձամբ ինքը՝ մարդ, որը դրա մեջ կար եւ ուզում էր կանգնեցներ եւ հիմա փորձում է այդ հեղափոխությունը ՀՀ ժողովրդից խլի: Չի՛ ստացվելու, գնալու է կործանվի քաղաքական առումով: Շատ վատ բան է անում, ես ցավում եմ իր համար, որովհետեւ ինքը այդ շանսը բազմիցս ունեցել է: Իր կուսակցությունում կան շատ-շատ լավ մարդիկ, պատգամավորներ, որոնք ՀՀ-ին կարող են օգուտ տալ: Ինքը իրենց էլ հետը սենց քաշում է, գցի այդ անդունդը: Ցավում եմ»:

Դավաճա՞ն է Մարուքյանը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինքը իրեն է դավաճանում, ինքը պետությանը չի կարող դավաճանի: Դավաճանում է իրեն, միգուցե ում հետ որ պայմանավորվածություն է ունեցել, չի կարողացել արդարացնել եւ նրանք իրեն կարող են ասել դավաճան: Ինքը դավաճանում է միայն ինքը իրեն եւ կործանում է ինքն իրեն, խղճում եմ: Անկեղծ, խղճում եմ իրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829