Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական այց, տպավորիչ ու ջերմ խոսքեր

Փետրվար 14,2020 12:00

Պաշտոնական Երեւանը շեշտում է Հորդանանի հետ հարաբերությունների կարեւորությունը՝ հորդանանյան բիզնեսի եւ կապիտալի ներգրավման առաջարկ անելով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: «Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին մեծ հեղինակություն է վայելում իսլամական աշխարհում, նա Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ է, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Նախագահ Սարգսյանը եւ Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ընթացքում: Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան», – ասված էր ավելի վաղ նախագահականի տարածած հաղորդագրությունում։ Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական եւ իսլամական սրբավայրերի խնամակալն է:

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլի սկզբին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ: Հայաստանի նախագահը եւ Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել էին երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Արմեն Սարգսյանը նկատել էր, որ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը եւ Հորդանանը կարեւորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։ ՀՀ նախագահը անցած գարնանն էր հրավիրել Աբդալլահ Երկրորդին այցելել Հայաստան։

Թագավոր Աբդալլահ Երկրորդի այցը Հայաստան կարելի է պատմական որակել: Նրա գլխավորած պատվիրակությունը բավական ներկայացուցչական էր: Պատվիրակության կազմում էին նրա եղբայր, Նորին Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական եւ անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի եւ արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության եւ համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առեւտրի եւ մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին:

Հանրապետության նախագահի նստավայրում փետրվարի 11-ին կայացավ Թագավոր Աբդալլահ Երկրորդի դիմավորման պաշտոնական արարողությունը: Արմեն Սարգսյանն իր խոսքում պատմական համարելով Նորին Մեծության այցը Հայաստան, որպես հայ՝ իր երախտիքի խոսքն է հղել Հորդանանի ժողովրդին եւ թագավորի ընտանիքին. «Բոլորն են հիշում, որ Ձեր նախապապը կոչով է դիմել արաբ ժողովրդին՝ ապաստան տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին: Եվ ես ցանկանում եմ իմ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնել»:

Աբդալլահ Երկրորդը նախագահական նստավայրում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների, տեղացի եւ օտարերկրյա դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, արեւելագետ-գիտնականների ներկայությամբ իր ուղերձը հղեց «Կրոնը եւ հանդուրժողականությունը» թեմայով: «Երեւանը, լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, աշխույժ ու երիտասարդ քաղաք է,-նշել է թագավորը,-այն ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկու երկրները եւ մարդիկ այսօրվա ժամանակակից աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին եւ հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները շատ բան ունեն քաղելու համագործակցությունից, որպեսզի իրացնեն այս շատ խոստումնալից ներուժը: Չնայած սա մեր առաջին պաշտոնական այցելությունն է ձեր գեղեցիկ երկիր, մենք զգում ենք, որ ընտանիքում ենք, եւ փաստացիորեն, մենք ընտանիք ենք: Մեր ընտանեկան հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Իմ նախապապը, որին Դուք հիշատակեցիք, պարոն նախագահ, հորդորում էր սիրել Աստծուն ու մերձավորին, եւ ապաստան տվեց քրիստոնյա հայ ընտանիքներին: Իմ նախապապը, իմ պապը, ես, օգնելով կարիքավոր ընտանիքներին, հասկացանք, որ դա միակ տարբերակն է: Սա մի պարտականություն է, որը Հորդանանը շարունակում է իրականացնել: Հազարավոր հորդանանցիներ իրենց արմատներով Հայաստանից են: Նրանք պատիվ են բերում մեր երկու երկրներին եւ կենսական դերակատարում ունեն մեր երկրի արվեստի, կրթության, հանրային ծառայությունների, բիզնեսի եւ շատ այլ ոլորտներում: Նրանք ձեւավորում են այն հիմքը, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»:

Աբդալլահ Երկրորդն ասել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը նախապատրաստվում է իր առաջին 100-ամյակը նշելուն: «Մենք հպարտորեն ենք հետահայաց նայում ծագումով հայ հորդանանցիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր հայրենիքի առաջընթացի եւ բարգավաճման համար,-նշել է նա: – Մեր համատեղ պատմությունը շատ ավելին է, քան դա: Միջին Արեւելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը: Նրանք մեր տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են: Նախատեսում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի նրանք շարունակեն այդպիսի առանցքային դերակատարում ունենալ մեր ներկայի եւ պայծառ ապագայի ձեւավորման համար: Հորդանանում Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում: Սա մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում: Երուսաղեմում հայկական թաղամասը քաղաքի մասն է կազմել դարեր շարունակ, եւ հայկական պատրիարքությունը այլ եկեղեցիների շարքում եղել է Օմարի պաշտպանության ներքո: Քրիստոնյաների եւ մուսուլմանների համակեցության ավանդույթն ունի 1300 տարվա պատմություն: Այս ժառանգությունը շարունակվում է այսօր իսլամական եւ քրիստոնեական սրբավայրերում: Սա մի պարտականություն է, որը ես հպարտությամբ եմ իրականացնում: Ես հատկապես հպարտ եմ, որ ինձ վստահված է Երուսաղեմի հայ պատրիարքարանի սուրբ վայրի պաշտպանության պատասխանատվությունը: Երուսաղեմը շատ մեծ պատմական նշանակություն ունի ոչ միայն ինձ եւ իմ ընտանիքի համար, այն նաեւ սուրբ է երեք էթնիկ կրոնների հետնորդների համար: Նրանք բոլորն իրենց ներդրումն ունեն պահպանելու հոգեւորը, խաղաղությունը եւ այն համակեցությունը, որ այն խորհրդանշում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Սուրբ քաղաքը դառնա բռնության եւ բաժանման առանցք: Քաղաքի ինքնությունն ու իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ քրիստոնեական ու իսլամական սուրբ վայրերի հետ կապված պատմական ստատուս քվոն պահպանելն առանցքային է լինելու։ Մենք մեր հույսը դնում ենք քրիստոնյա առաջնորդների եւ Ձեր նման բարեկամների վրա ամբողջ աշխարհում, որ Երուսաղեմը պահպանենք որպես խաղաղության, միասնականության քաղաք»:

Արմեն Սարգսյանի եւ Աբդալլահ Երկրորդի հանդիպմամբ, այսպիսով, ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին հնարավոր կդառնա նոր հեռանկարներով համագործակցության նոր փուլ սկսել: ՀՀ նախագահը հայտնել է, որ Նորին Մեծության հետ խոսել են երկու երկրների եւ երկու ժողովուրդների համագործակցության ներուժի մասին զբոսաշրջության, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, սննդի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում:

ՀՀ նախագահի նստավայրում կայացած նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպմանն Արմեն Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը: ՀՀ նախագահը վստահեցրել է, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկրները, շատ ավելի մեծ է լինելու, քան կա այժմ: Հայաստանի նախագահի եւ Հորդանանի թագավորի հանդիպմանը կողմերը նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտներում: Կարեւորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաեւ ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երեւանի եւ Ամմանի միջեւ:

Նույն օրը Աբդալլահ Երկրորդին կառավարությունում հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն արձանագրել է. «Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարեւոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արեւելքը եւ Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրների միջեւ հարաբերություններն ակտիվանում են: Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում: Ես նաեւ ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, եւ մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու եւ առավել արդյունավետ դարձնելու համար»:

Փաշինյանն ու Աբդալլահ Երկրորդը քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի եւ կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում, հավելել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը եւս շահագրգիռ է Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում համագործակցությամբ: Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարեւորել են նաեւ վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: Աբդալլահ Երկրորդը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829