Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մխոյանի հնարավոր ինքնասպանության լուրին համագյուղացիները չեն հավատում: Հիշեցնենք, որ Տիգրան Մխոյանը Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, բայց 7-րդ դասարանից տեղափոխվել էր ընտանիքով Երեւան, այստեղ վարձով էր բնակվում:
Նրա հորաքույրը՝ Արմենուհի Մխոյանը, Aravot.am-ին ասաց, որ Տիգրանը որեւէ խնդրից ծառայության ընթացքում ծնողներին չի գանգատվել, միշտ պատմել է, որ ծառայությունը լավ է անցնում, ծառայակիցները լավն են, նրանց հետ խնդիրներ չունի: Տիգրանի հորաքրոջ խոսքով՝ դեպքի օրը՝ առավոտյան, Տիգրանը մոր հետ է խոսել, կրկին ամեն ինչ նորմալ է եղել, Տիգրանի հայրն էլ պատմել է, որ այդ օրը Տիգրանը facebook-ում հաճախակի է օնլայն եղել, հայրն էլ փորձել է facebook-ով որդու հետ շփվել, բայց չի հաջողվել:
Մինչեւ 7-րդ դասարանը Տիգրանը սովորել է Տաշիրի դպրոցում: Գյուղապետարանի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ նա դասարանի ավագն է եղել, գերազանց աշակերտ էր, խելացի, մի հոյակապ անձնավորություն: Մենք նաեւ տեղեկացանք, որ Տիգրանի հորը կանչել են Վանաձոր որդու մահվան մասին տեղեկություններ տրամադրելու համար:
Կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ