Թուրքիան սկսել է ակտիվ գործունեություն ծավալել Երուսաղեմի հին քաղաքում՝ թիրախավորելով հայկական և քրիստոնեական թաղամասերը: Այս մասին գրում է Jewishpress-ը:
Տեղի բնակիչները պարբերականին պատմել են, որ վերջին տարիներին թուրք պաշտոնյաները համոզում են իրենց ժխտել թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Մասնավորապես, բնակիչներից մեկը պատել է մի թուրք դիվանագետի մասին, որը առաջարկել է Կախաբադիջանի ընտանիքին, որը փոքրիկ թանգարան ունի Հայոց ցեղասպանության մասին լուսանկարներով, փաստաթղթերով, դադարեցնել գործունեությունը և խուսափել փաստաթղթերի ու տեղեկատվության տարածումից: Իլյա Կահաբադիջանը (Kahabadijan), ում պապը վերապրել է զանգվածային սպանությունները, պատմել է, որ հանդիպման մեկնարկից ընդամենը 40 րոպե է անցել, երբ դիվանագետը փորձել է «զարգացնել թեման»: «Հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել իմ գործունեությունը»,- նշել է Իլյան:
Պարբերականի փոխանցմամբ՝ թուրքերը նաև ֆինանսապես են խրախուսում հայերին: Նշվում է, որ թուրքական իշխանությունների ներկայացուցիչները վերջերս 3000 դոլար արժողությամբ մի քանի դրամաշնորհներ են առաջարկել հայերին՝ տարբեր կարիքների համար, սակայն նրանց առաջարկներն ամբողջությամբ մերժվել են, հայերը հավատացած են՝ « դրամաշնորհները լռեցնելու համար են»:
Լրատվամիջոցը տեղեկացել է նաև, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցված են եղել՝ պարզելով, որ իրենց տներից մեկը վաճառվել է մուսուլմանի` շուկայական արժեքից երեք անգամ բարձր գնով։ Ավելի ուշ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։
Կարդացեք նաև
Jewishpress-ի փոխանցմամբ՝ Իսրայելին ևս մտահոգում է Թուրքիայի ակտիվությունը Երուսաղեմում և վերջինիս աջակցությունը «Մուսուլման եղբայրներին»: Իսրայելցի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը՝ ի պատասխան Իսրայելի դեմ թուրքական գործողությունների, բայց միևնույն ժամանակ տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից՝ մտավախություն ունենալով, որ ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին՝հիշեցնում է պարբերականը։
Վերջին տարիներին թուրք զբոսաշրջիկների հոսքը Երուսաղեմի Հին քաղաք ևս ավելացել է: Իլյա Կահաբադիջանը պատմել է, որ թուրք զբոսաշրջիկները Հին քաղաքում վերջին շրջանում ևս գործում են հայերի դեմ՝ պատռելով Հայոց ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները: Բացի այդ եղել են դեպքեր, երբ թաղամասի պատերին հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել։
Jewishpress-ը մի շարք հարցեր է ուղարկել Իսրայելում Թուրքիայի դեսպանատանը, բայց պատասխան չի ստացել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ