Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպեց ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին:
Նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:
Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում:
Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին:
Մտքերի փոխանակում տեղի ունեցավ միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ:
ՀՀ ԱԳՆ