Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները «կողմ» քվեարկեցին ծխելու դեմ պայքարի աղմկոտ օրինագծին՝ 1 պայմանավորվածությամբ

Փետրվար 13,2020 20:50

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիշեցնենք, որ ծխելու դեմ պայքարին միտված Առողջապահության նախարարության այս օրինագիծը հանրային վայրերում ծխախոտի օգտագործման եւ գովազդի արգելքներ է սահմանում:

Քվեարկությունից առաջ «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց. «Ողջունում ենք օրինագիծը, բայց խնդրահարույց հարցեր կան, որոնց վերաբերյալ կարծիքները տարբեր են: Որոշել ենք երկրորդ ընթերցման քվեարկությունը թողնել ազատ: Անձամբ իմ կարծիքով՝ կարող ենք «կողմ» քվեարկել, եւ հաջորդիվ, ինչ վերաբերում է բաց եւ փակ տարածքներում ծխելու պահանջներին, փոփոխությունների տարբերակներ ներկայացնել՝ անկախ դիրքորոշմամբ»:

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն էլ օրինագծի զեկուցող, Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին կոչ արեց պատգամավորների հետ շանտաժի լեզվով չխոսել. «Դա անթույլատրելի է»:

Հիշեցնենք՝ օրինագծի քննարկման ժամանակ Լենա Նանուշյանն այսօր ասել էր, որ ովքեր դեմ կքվեարկեն օրինագծին, նրանց խղճին կմնան ծխախոտի պատճառով մահացության դեպքերը:

«Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանն էլ շեշտեց՝ խոստացել էին այլ օրենք, բերել են մեկ այլ օրենք. «Միայն պայման խախտելու համար արժե «դեմ» քվեարկել»:

«Իմ քայլից» Ծովինար Վարդանյանն էլ նշեց. «Առաջարկում եմ հետեւել Բաբկեն Թունյանի խորհրդին, «կողմ» քվեարկել, ապա ստեղծել աշխատանքային խումբ՝ փոփոխություններ նախաձեռնելու համար»:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ շեշտեց՝ դառը փորձը հաշվի առնելով այս անգամ «կողմ» չեն քվեարկի, բայց պատրաստ են մասնակցել քննարկումներին եւ լուծումներ գտնել:

ԲՀԿ-ի անունից Արթուր Գրիգորյանն էլ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը «կողմ» է, բաց Ծովինար Վարդանյանի առաջարկի հետ համաձայն ենք: «Կողմ» քվեարկենք, հետո՝ աշխատանքային խմբի միջոցով շտկենք խնդիրները»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Իմ անձնական կարծիքով՝ քաղաքակրթական ընտրության հարց է դրված: Ես եւ շատերը պատկերացնում ենք չծխող Հայաստան, եւ պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել, որ հասնենք այդ կետին: Բայց համաձայն եմ, որ կան մոտ հինգ տոկոս կարգավորումներ, որոնք խնդրահարույց են եւ հավելյալ քննարկման կարիք ունեն: Ես «կողմ» եմ քվեարկելու, ապա՝ սատարելու պատգամավորների ջանքերը, որպեսզի անմիջապես աշխատանքային խումբ ձեւավորվի»:

«Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանն Արարատ Միրզոյանի հետ չհամաձայնեց. «Ինչո՞ւ եք ուզում աշխատանքային խումբ ձեւավորել, եթե կարելի է օրինագիծը հետ կանչել»: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը շարունակեց Միքայելյանի ասածը. «Եկեք «դեմ» քվեարկենք, թող հետ գնա առաջին ընթերցման ռեժիմ»: Արարատ Միրզոյանն էլ արձանագրեց, որ դրա համար օրինագծի հեղինակի համաձայնությունն է պետք, որն այս պահին չկա, եւ խոսքը պատգամավորների ձեռնարկելիք քայլերի մասին է:

Ի վերջո, «կողմ» քվեարկեց 76, «դեմ»՝ 16, եւ «ձեռնպահ»՝ 7 պատգամավոր:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829