Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Հայաստանում ներկայում տեղի են ունենում մեծ փոփոխություններ. Անգելա Մերկել

Փետրվար 13,2020 19:55

Նիկոլ Փաշինյանը և Անգելա Մերկելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանի դիմավորման և պատվիրակություններին ողջունելու արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է.

«Սիրով Գերմանիայում մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու» և այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։

Հայաստանում ներկայում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև իրավական համակարգում։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում։

Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերություններն ինտենսիվացել են։ Երբ այցելել էի Հայաստան` եղա Թումո կենտրոնում և շատ էի հիացել այդ կենտրոնով։ Մեզ մոտ Թումո կենտրոն բացելու համար ստորագրվել է համաձայնագիր, և այս տարվա աշնանը մենք կկարողանանք Բեռլինում բացել այն։

Նախորդ տարվա հոկտեմբերին մենք ունեցել ենք տնտեսական ֆորում, և այն մի նոր ճյուղ է բացել գերմանահայկական հարաբերություններում։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունում։

Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել, միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, և մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք` երկու միությունների համագործակցության համար:

Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Պարոն վարչապետը շարունակելու է իր ուղևորությունը Մյունխեն, շնորհակալ ենք և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Հարգելի տիկին կանցլեր,
ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,

Մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին:

Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ:

Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար: Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը:

Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եվրոպական Միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար:

Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Դուք գիտեք, որ 2018 թվականից Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման արդյունավետ, ուժեղ պետություն լինելով, որտեղ հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները և որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց թերևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն: Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանի տեղի ունեցող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում` ինչպես և նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մասին, և սա շատ կարևոր խոսակցություն է:

Ընդհանուր առմամբ Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում կցանկանայի առանձնացրել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում:

Մեր հանդիպման զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան:

Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ:

Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը:

Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաև մշակութային, գիտակրթական համագործակցությունը: Մեզ համար կարևոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի:

Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։

Շնորհակալություն»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829