Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հայազգի օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը չերգեց ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովի հետ. Deutsche Welle-ի անդրադարձը

Փետրվար 13,2020 20:20

Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողությունն այս տարի աչքի ընկավ սկանդալով՝ կապված երկու երգիչների՝ հայազգի Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովի հետ:  Գերմանական Deutsche Welle-ն փորձել է պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել և հարցազրույց է վերցրել Ռուզան Մանթաշյանից: Պարբերականը գրում  է, որ ադրբեջանցի տենոր Էյվազովի կարիերան, որին հավելյալ փայլ է հաղորդել օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի հետ ամուսնությունը, կարելի է, ընդհանուր առմամբ հաջողված համարել: Իսկ Մանթաշյանի կարիերան, որը նոր է սկսում, արդեն իսկ փայլուն է, երգչուհին համերգներ է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, իսկ այժմ երգում է Համբուրգում:

Deutsche Welle-ն հիշեցնում է, որ ավելի վաղ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել էր  Դրեզդենի ամենամյա օպերային բալի բացման արարողությանը երգել հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։ Այն բանից հետո, երբ մեդիադաշտում իսկական փոթորիկ սկսվեց, որը կարող էր վերածվել շատ մեծ սկանդալի, Էյվազովը շտապեց հերքել այդ լուրերը, իսկ  Semper OpernBall–ը տեղեկություն տարածեց, թե հայ երգչուհուն հրավեր չի ուղարկվել:

Ռուզան Մանթաշյանին ներկայացնող գործակալությունը հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով Դրեզդենի Semper OpernBall–ի կողմից երգչուհուն ուղարկված հրավերը: Այս ամենից հետո Մանթաշյանին պաշտոնական հրավեր ուղարկվեց, որն էլ երգչուհին ընդունեց՝ գրում է պարբերականը և շեշտում, որ Էյվազովը և Մանթաշյանը թեպետ երգեցին միևնույն բեմում, բայց դուետով հանդես չեկան: Ռուզան Մանթաշյանը արդյունքում կատարել է Տատիանայի արիան՝ Եվգենի Օնեգին օպերայից:

Deutsche Welle-ի լրագրողը Մանթաշյանին խնդրել է մեկնաբանել՝ ինչ է տեղի ունեցել, բայց երգչուհին հրաժարվել է մանրամասներ ներկայացնելուց և միայն նշել է, որ ցանկացած միջոցառման ժամանակ էլ խնդիրներ լինում են: Հարցին, թե ինչպես կարգավորվեց այդ ամենը, Մանթաշյանն ասել է. «Ես ելույթ ունեցա: Քաղաքականությունը չպետք է որևէ կապ ունենա արվեստի հետ: Այն փոստը, որ ինձ իբրև թե չէին հրավիրել, հետո նորից հրավիրեցին, ցույց է տալիս, որ նրանք հասկացել են իրենց սխալը: Հաճույքով եմ ելույթ ունեցել… Կցանկանայի, որպեսզի արվեստում, երաժշտությունում քաղաքականությունը, խտրականությունը տեղ չունենար:  Մարդիկ ցանկանում են խաղաղ ապրել, խնդիրներ ստեղծում են պետությունները և բարձրաստիճան պաշտոնյաները, թող իրենք էլ զբաղվեն դրանցով»:

Ինչ վերաբերում է Էյվազովի հետ դուետին, Մանթաշյանն ասել է, որ այն տեղի չի ունեցել արդեն իսկ հայտնի պատճառներով:  Լրագրողի հարցին՝ արդյոք Էյվազովը ներողություն խնդրել է, Մանթաշյանը պատասխանել է. «Ոչ, և չեմ կարծում, որ նման բան երբևէ տեղի ունենա»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829