Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Մանսուրյան. «Ուզում եմ նրան ցմահ դատապարտեք, որ իմ երեխային չխանգարի»

Փետրվար 13,2020 18:35

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Թագուհի Մանսուրյանին եւ նրա ընտանիքին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի գործով դատական նիստն էր:

2016 թվականի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Կարինե, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյաններին: Այդ հարվածների հետեւանքով Թագուհու մայրը՝ Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայրն ու դուստրը՝ Թագուհին եւ Վաչագանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մոտ 4 տարի տեւած դատական նիստերից հետո, ակնկալվում էր, որ այսօր դատարանը վճիռ կկայացնի, սակայն այն հետաձգվեց, պաշտպանական կողմը ճառով հանդես չեկավ, պատրաստ չէր, միջնորդեց նիստը հետաձգել: Դատարանը հաջորդ նիստի օր նշանակեց ապրիլի 3-ին, ժամը 16:00-ին:

Դատարանում Թագուհի Մանսուրյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն իր ճառում ներկայացրեց Մարտիրոսյանի արարքի ամբողջ պատմությունը, դրան նախորդած իրավիճակը, թե ինչպես էր ամբաստանյալը մինչ կացնահարումը սպառնացել, բռնության ենթարկել, ինչպես է Թագուհի Մանսուրյանը պարբերաբար դիմել իրավապահ մարմիններին, սակայն պատշաճ աջակցություն չի ստացել: Փաստաբանն ասաց. «Գործով 8 դրվագ է եղել՝ խոշտանգում, ծեծ, սպանություն, սպառնալիք եւ այլն: Ոստիկանությունն էլ պատշաճ չի կատարել իր պարտականությունները, եւ հանցավոր մղումներ ունեցող Մարտիրոսյանին 08.07.2016-ին թողել է դեպքի վայրում, չի տարել ոստիկանության բաժանմունք, վերջինիս հնարավորություն տալով գնալ, վերցնել կացինն ու կատարել այդ հրեշավոր արարքը»:

Պետրոսյանը նաեւ ասաց, որ ամբաստանյալի այն պնդումները, թե՝ Մանսուրյաններն իրեն զրկել են իր երեխայի հետ տեսակցությունից, դրա համար է նման քայլի դիմել, իրականությանը չեն համապատասխանում, ողջամիտ չեն, Մարտիրոսյանը է երեխայի մասին բացարձակ չի մտածել, քանի որ, ըստ պաշտպանի, նա նախապես ծրագրել էր երեքի սպանությունը. «Ամբաստանյալը պետք է ամենախիստ պատժի ենթարկվի»:

Մեղադրող կողմը դատարանից պահանջում է Վլադիկ Մարտիրոսյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Վաչագան Մանսուրյանն էլ դատական նիստին պատմեց. «Արնաշաղաղ վիճակում զանգել եմ ոստիկանություն: Եկան, ասացի՝ է՞ս էիք ուզում: Էդ ժամանակ, որ կացնահարում էր, երեխան տեսնում էր, ու գոռում՝ մամա, մամա: Երեխայի աչքի առաջ ինձ էր կացնահարում: Մինչեւ հիմա երեխայի մոտ վախ կա, մի քանի օր առաջ տեղից վեր թռավ ու ասաց՝ մամա ջան, ես չեմ ուզում քեզ կորցնել»:

Թագուհի Մանսուրյանն էլ իր ելույթում ասաց. «Վլադիկ Մարտիրոսյանը սպառնացել էր ինձ, որ երեխան 2 տարեկանը չի բոլորի: Հանցանքի ժամանակ երեխաս 1 տարեկան 8 ամսական էր»:

Ապա` Մանսուրյանը պատմեց, թե ինչպես է ամբաստանյալը շքամուտքում սպասել ու հարձակվել իր ու մոր վրա. «Ես պահանջում եմ ամենախիստ պատիժը, նա խլել է իմ ծնողի կյանքը, ուզում եմ նրան ցմահ դատապարտեք, որ իմ երեխային չխանգարի, որ երեխաս մեծանա, ու իր նպատակին հասցնեմ»:

Դատավոր Դավիթ Բալայանը նիստի ավարտին հայտարարեց՝ հաջորդ դատական նիստին կլսի պաշտպանական կողմի ճառը, ռեպլիկներն ու կանցնի խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829