Անի Սամսոնյանն օրերս ԱԺ-ում հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» դուրս է գալիս ատելության խոսքի դեմ պայքարի համար ստեղծված աշխատանքային խմբի կազմից:
Այդ խումբը ստեղծվել էր «Իմ քայլի» պատգամավոր Սարգիս Խանդանյանի նախաձեռնությամբ: Այսօր լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ատելության եւ բռնության խոսքի դեմ պայքարում կարծում եք հնարավորություն կա՞ հաջողության հասնել, եթե ատելության խոսք հնչում է նաեւ իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերից:
Խանդանյանը նախ պարզաբանեց, թե ինչ է նշանակում ատելության խոսքը, ըստ նրա, դա խոսքի ազատության երաշխիքներով չպաշտպանվող խոսքի ձեւն է, որտեղ բովանդակությունը թիրախավորում է միտումնավոր եւ թշնամանք, խտրականություն է սերմանում մի խումբ մարդկանց նկատմամբ: Նա ասաց, որ երբ քաղաքական գործիչները միմյանց քննադատելիս սուր բառապաշար են կիրառում, դա դեռ ատելության խոսք չէ:
Հարցին՝ այսինքն, «թաթիկներդ կկտրեմ», «պատերին կծեփեմ», այս եւ նման արտահայտությունները ի՞նչ խոսք են՝ Խանդանյանը պատասխանեց, որ ատելության խոսք այդտեղ չկա. «Այդ օրինակները ընդհանրապես չեն կարող լինել ատելության խոսք՝ միջազգային սահմանման շրջանակներում: Այլաբանորեն ասված խոսքը երբեք չի կարող համարվել ատելության խոսք: Նույնիսկ վիրավորանքը եւ հայհոյանքը, որը եւս անհանդուրժելի է, կրկին ատելության խոսք չէ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ որ ասում եք այլաբանորեն պետք է ընդունել, վարչապետը, երբ որեւէ մեկին ասում է՝ թաթիկներդ կկտրեմ, այդ մարդը այլաբանորեն դա ինչպե՞ս պետք է հասկանա՝ Խանդանյանը պատասխանեց. «Բայց կա՞ որեւէ մարդ, որի անունը տրվել է եւ պարբերաբար ասել է՝ ժողովուրդ, գնացեք այդ մարդու թաթիկները կտրեք»:
Խանդանյանը նաեւ ասաց. «Ես միշտ զարմացել եմ, երբ քաղաքական գործիչները իրենց զոհականացնում են եւ ասում են՝ մեր նկատմամբ ատելության խոսք կա: Քաղաքական գործիչներն այնքան լծակներ ու հարթակներ ունեն իրենց պաշտպանելու, քան մյուս քաղաքացիները»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցության՝ աշխատանքային խմբից դուրս գալուն, Խանդանյանն ասաց, որ լավ կլիներ, որ բոլոր խմբակցություններով միասին աշխատեին, լուծումներ գտնեին, բայց «Լուսավոր Հայաստանը», ինչպես շատ դեպերում, այս անգամ եւս այլ ճանապարհ ընտրեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ