Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում. Կարեն Վարդանյան

Փետրվար 13,2020 18:03

Այսօր 14:00 «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների արտահանմանն ու տեղադրման մեկնարկին։ Ասուլիսին բանախոսում էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը։

«Հաշվի առնելով վերջին փոփոխությունները՝ Հայաստանի «Արմաթ» լաբորատորիաներից մեր խմբավարները մարտի 15-ին մեկնելու են մեկ ամսով Հնդկաստանի Գուջարաթ շրջան, որպեսզի վերապատրաստեն այնտեղի պոտենցիալ խմբավարներին, այնտեղ իրականացնեն տեխնիկայի, սարքավորումների, ծրագրերի տեղադրում։ Ապա երբ սկսվեն երեխաների հետ տարվող աշխատանքները, մոտ երկու-երեք ամսվա ընթացքում կլինի բացման պաշտոնական արարողությունը, որին ընդառաջ լաբորատորիաներում ներգրավված երեխաներն արդեն կունենան իրենց կողմից ստեղծված պրոյեկտներն ու կցուցադրեն դրանք արարողությանը ներկա հյուրերին», – նշեց Կարեն Վարդանյանը։

Վիջայ Շահն էլ, անդրադառնալով Հնդկաստանում «Արմաթ» լաբորատորիաների տեղադրմանը, շեշտեց, որ այն կարող է օգնել հնդիկ երեխաներին ճիշտ մասնագիտական կողմնորոշման հարցում, որովհետև Հնդկաստանում հատկապես 10-16 տարեկան դեռահասներն ունեն ստեղծարար հմտություններ, բայց դրանք լիարժեք բացահայտված ու համակարգված չեն, իսկ «Արմաթ»-ի մեթոդաբանությունը և կրթական մոդելը լավագույնս կարող են բացահայտել դա:

«Հնդկաստանը մեծ բնակչություն ունի, և մենք պարտավոր ենք ուժեղացնել մեր ապագա մասնագետներին, վերապատրաստել նրանց, զինել նոր գիտելիքներով ու հմտություններով, որ նրանք կարողանան առավելագույնս մրցունակ լինել զարգացող աշխարհում»,-ասաց Վիջայ Շահը:

Նա շեշտեց, որ Հնդկաստանի «Արմաթ» լաբորատորիայում հինգ ուղղությամբ են զինելու երեխաներին` ծրագրավորում, եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և անօդաչու թռչող սարքեր: «Այդ ամենը երեխաներին համալիր գիտելիքներ կտա, որոնք հնարավոր կլինի կիրառել ժամանակակից աշխարհում»,-եզրափակեց Վիջայ Շահը:

Համագործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը մեկ ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

«Շատ ենք կարևորում միջազգային համագործակցությունը։ Ունենալով բարձր ցուցանիշներ ու գրանցված հաջողություններ Հայաստանում՝ գնահատելի է, որ հիմա արդեն կարողանում ենք տեխնոլոգիական կրթության զարգացման մեր փորձը և տեսլականը կիսել այլ երկրների հետ և ունենալ մեր ներդրումն այլ երկրների համայնքային զարգացման, հավասար կրթության հնարավորություններ տրամադրելու առումով։ Նշանակալի փաստ է ու հպարտանալու առիթ մեզ համար, որ այլ երկրներ օգտագործում են այն մոդելը, որը մշակվել է Հայաստանում, մասնավորապես՝ ԱՏՁՄ անդամ ընկերությունների, մեր գործընկերների շնորհիվ ու համագործակցությամբ», – նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

ԱՏՁՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829