Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությանը վերադարձվելու է նախաքննություն իրականացնելու իրավունքը». Արմեն Խաչատրյան

Փետրվար 13,2020 18:00

«Ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ռազմավարությունն առաջիկայում ամբողջովին փոխելու է համակարգը, քանի որ այսօրվա ոստիկանությունը չունի այն լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար, և սա բերում էր ոստիկանության և այլ իրավապահ համակարգերի գերծանրաբեռնվածության»,- այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկմանը ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ ոստիկանության բարեփոխումների այս նախագիծը իր մեջ ներառում է այն բոլոր մտահոգությունները, որոնք առկա էին ոլորտի վերաբերյալ. նրա խոսքով սահմանազատված չէին նաև ոստիկանության լիազորությունները:

Խաչատրյանը կարևորում է, որ ոստիկանությանը վերադարձվելու է նախաքննություն իրականացնելու իրավունքը.

«Այստեղ պատասխանատուն կլինի մեկ մարմին և իր ուսերին կլինի ամբողջ բեռը: Գիտենք, որ 2014 թվականին, երբ ստեղծվել է Քննչական կոմիտեն, ոստիկանությունից վերցվել է նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, որը բավականին թուլացնում է ոստիկանությանը: Այսօր, կարելի է ասել, նախաքննության գործընթացին ոստիկանությունը չի մասնակցում: Նախնական ռազմավարությամբ դիտարկվում է այսպես, որ ունեցվածքի, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մի մասով ոստիկանությունը պետք է ունենա քննություն իրականացնելու հնարավորություն և լիազորություններ՝ գործը բացահայտելու և դատարան ուղարկելու համար»,-նշեց նա:

Ըստ պատգամավորի, ոստիկանությունում կիրականացվեն նաև մի շարք կառուցվածքային փոփոխություններ`կստեղծվի պարեկային ոստիկանություն, օպերատիվ կառավարման կենտրոն, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել իրավախախտումների և պատահարների դեպքերին, կկազմակերպվի նաև պարեկային ոստիկանական ուժերի և միջոցների տեղաբաշխումն ըստ անհրաժեշտության: Բարեփոխումներ կիրականացվեն նաև քրեական ոստիկանությունում:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829