Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները հավաքվել, սպասել են, բայց առողջապահության նախարարությունից որեւէ մեկը նրանց հետ հանդիպելու չի գնացել

Փետրվար 13,2020 17:32

Այսօր «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ աշխատակիցները հավաքվել էին կենտրոնի դահլիճում եւ սպասում էին Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին, որպեսզի ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու հետ կապված մասնագիտական քննարկումներ անցկացնեն: Սպասել են, սպասել, սակայն նախարարությունից ոչ փոխնախարարն է գնացել, ոչ էլ՝ որեւէ այլ պաշտոնյա:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, նախարարությունից հայտնեցին, որ փոխնախարարն այսօր Ազգային ժողովում էր, որտեղ քննարկվել է Հակածխախոտային օրենքը:

Aravot.am-ի հետ զրույցում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանն ասաց, որ չէն էլ հայտնել, որ չեն գալու. «Եթե փոխնախարարը կամ որեւէ մեկը ցանկություն ունեին մեզ լսելու, քննարկմանը մասնակցելու՝ կարող էին ասել, որ այսօր չեն կարող գալ եւ քննարկումը կտեղափոխեինք մեկ ուրիշ օր, հատկապես՝ որ մենք, մեր հրավերում այդ մասին էլ էինք նշել, բայց, ցավոք որեւէ մեկը չարձագանքեց»:

Ժանետա Պետրոսյանն ասաց, որ երկրորդ անգամ չեն փորձի հրավիրել, որովհետեւ հասկացել են, որ նախարարության պատասխանատուները, պարզապես, խուսափում են այդ քննարկումից, քանի, որ, ըստ նրա՝ ասելիք չունեն. «Մասնագիտական դաշտում մեզ հետ քննարկելու որեւէ բան իրենք չունեն»:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը մտադիր է ՁԻԱՀ-ի կենտրոնը միավորել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, ինչն էլ հարուցել է կենտրոնի աշխատակիցների վրդովմունքը: Հենց այս առիթով էլ ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները հրավեր էին ուղարկել նախարարության պատասխանատուներին, որպեսզի մասնագիտական դաշտում քննարկեին խնդիրը եւ բացատրեին՝ ինչո՞ւ են դեմ նախարարի որոշմանը: Ի դեպ, քննարկմանը մասնակցելու էին նաեւ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, որոնք, նույնպես պետք է ներկայացնեին իրենց տեսակետը:

Նախարարությունը, երկու հիմնարկները միավորելու որոշումը, բացատրում է ծառայությունների ինտեգրմամբ եւ բուժառուների համար որակ ու հասանելիություն ապահովելով:

ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները մտավախություն ունեն, որ միավորելու դեպքում հնարավոր է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց դեղերի անընդհատությունը չպահպանվի, զրոյից կառուցված հիմնարկն էլ, որտեղ այսօր գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում, կահավորված է անհրաժեշտ բուժտեխնիկայով եւ այսօր գրեթե 90 տոկոս արդյունավետություն է ապահովում՝ փոշիանա:  Պարզ չի նաեւ աշխատակիցների ճակատագիրը՝ ով է մնալու, ով՝ աշխատանքից կրճատվելու:

Ըստ նախարարության տեսակետի. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում մահացության հիմնական պատճառներն են ՁԻԱՀ-ի փուլում առաջացող օպորտունիստական հիվանդությունները՝ մեծամասամբ ինֆեկցիոն բնույթի, նաեւ չարորակ նորագոյացությունները: Միավորումը դրականորեն կանդրադառնա պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել մի շարք այլ, հաճախ նաեւ`ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման եւ բուժման գործընթացներում»:  Նախարարությունում համոզված են, որ Կենտրոնի եւ հիվանդանոցի միավորումը նաեւ կնպաստի մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի եւ խտրականության նվազեցմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829