Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյան. ՀՅԴ-ի պատմությունը միահյուսված է հայ ժողովրդի պատմությանը՝ ի հեճուկս Դաշնակցությանը պիտակավորած եւ «պատմության քառուղիներում հետք չթողած» ուժերի

Փետրվար 13,2020 17:23

«Դեռ 1917-20 թվականներին, Դաշնակցությունը `չճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունը, էական դեր խաղաց արցախահայության կյանքում եւ հիմք դրեց Արցախի առաջին ժողովրդավարական կառավարությանը, միաժամանակ սատարելով տեղական իշխանությանը, լուծելով կենսական նշանակության հարցեր»,- այսօր`«ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերակերտման գործում» թեմայով միջազգային գիտաժողովում ունեցած իր ելույթում ասաց ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը:

Գիտաժողովը նվիրված էր ՀՅ Դաշնակցության Արցախ վերադարձի 30-ամյակին:

«Եղել են ժամանակներ, երբ ՀՅԴ-ն ստիպված է եղել հեռանալ մայր հողից, բայց երբեք չի կտրվել»,- ասաց Դավիթ Իշխանյանը`հավելելով, որ գիտաժողովը նվիրված է կուսակցության անցյալն ու ներկան վերաարժեւորելուն, ապագա անելիքները հստակեցնելուն:

Դավիթ Իշխանյանի գնահատմամբ, ՀՅԴ-ի պատմությունը միահյուսված է հայ ժողովրդի պատմության հետ. այդպես է եւ հիմա, քանի որ, ըստ նրա, ժողովրդից ծնված ուժը ծառայել ու ծառայում է ժողովրդին, ի հեճուկս Դաշնակցությանը պիտակավորած եւ «պատմության քառուղիներում հետք չթողած» ուժերի:

«ՀՅԴ-ի անցյալը պարտավորեցնող է, դրան պետք է մոտենալ պատասխանատու եւ հաշվետու կեցվածքով: Արցախը ՀՅԴ-ի կենարար զարկերակն է, Արցախը գաղափարախոսություն է եւ անշեղելի է ՀՅԴ-ի որդեգրած ուղուց: Արցախը, որպես միացյալ Հայաստանի անբաժանելի մաս, միշտ էլ եղել է պահանջատիրության առանցք եւ զգայուն կետ»,- ասաց Դավիթ Իշխանյանը`հավելելով, որ դա է ապացուցում պատմությունը, նաեւ արցախյան ազատամարտը:

Բանախոսը ներկայացրեց նաեւ արցախյան ազատամարտում ՀՅԴ-ի դերակատարումը:

«30 տարի է անցել եւ ՀՅԴ-ն վերադարձավ որպես զինվոր, որպես մշակ, որպես հայրենիքի ազատության գինն իմացող կուսակցություն, վերադարձավ, որպեսզի այլեւս չհեռանա»,- նաեւ հայտարարեց Դավիթ Իշխանյանը:

Նա ասաց, որ աշխարհի տարբեր երկրներում ՀՅԴ կառույցների ներուժը կենտրոնացված է Արցախի միջազգային ճանաչման եւ Ադրբեջանի կեղծ քարոզչությունը չեզոքացնելուն:

Դավիթ Իշխանյանը վստահ է`այս գիտաժողովը կհամախմբի մեր միտքն ու գործը`հանուն այն ապագայի, որին դավանողը միայն ՀՅԴ-ն չէ:

Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում կայացել է նաեւ Արցախ վերադարձի 30-ամյակին նվիրված, «ՀՅԴ-ն Արցախում.հետադարձ հայացք» խորագրով ցուցահանդեսին, որում ներկայացված էին Դաշնակցության անցած ուղուն վերաբերող նմուշներ և դաշնակցական երկու ականավոր գործիչների՝ Արթուր Մկրտչյանի և Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անձնական իրեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829