«Հիմնական փոփոխությունը, որը առաջ է քաշված կարմիր գծով, այն է, որ պետք է ունենալ ոստիկան, որը կծառայի մեր հասարակությանը և մեր քաղաքացիներին, և այդ ոստիկանը չի լինի տվյալ օրվա իշխանության կարիքների ծառայող մարդ», – այսօր «Հոդված 3» ակումբում Ամալյա Հովսեփյանը ներկայացրեց ոստիկանական համակարգում նախատեսվող բարեփոխումները:
Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը նշեց, որ այսօրվա պայմաններում հրատապ է ունենալ նոր ոստիկանություն, նոր ոստիկան՝ որպես նոր ինստիտուտ:
«Ամենակարևոր համակարգային փոփոխությունը ոստիկանությունում մարդկային ռեսուրսների հանդեպ փոփոխությունն է, այսինքն՝ ինչպես է մարդկային ռեսուրսների նոր կրթությունը կազմակերպվելու․ սա առանցքային է»:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում ոստիկանական համակարգում նա ասաց՝ առաջինը ոստիկանության ինստիտուցիոնալ համակարգի փոփոխությունն է. «Այս առումով մեր առաջարկն է ունենալ նոր նախարարություն, քաղաքացիական նոր պետական կառույց: Համակարգում սպասվող հաջորդ ուղղության փոփոխությունը պարեկային ծառայության ստեղծումն է»:
Կարդացեք նաև
Հովսեփյանը տեղեկացրեց, որ ժամանակային առումով փոփոխությունները նախատեսում են իրականացնել երեք տարում, բայց քաղաքացիները այս տարի արդեն կտեսնեն և կզգան այն. կլինեն փոփոխություններ, որոնք, ավելի կարճ ժամանակահատվածում կիրականացվեն, սրանց մեջ մտնում է նաև պարեկային ծառայության ստեղծումը:
Փոխվելու է նաև համայնքային ոստիկանությունը, բացի այդ՝ ստեղծվելու է նաև օպերատիվ կառավարման կենտրոն, որը լինելու է ոստիկանության կազմում:
Ինչ վերաբերում է համակարգում հնարավոր կրճատումներին, Հովսեփյանն ասաց՝ չի դրվելու կրճատման սկզբունքը, այլ լինելու է մրցութային ընտրություն.
«Այն պահանջները, որոնք դրվելու են նոր ոստիկանների համար, լինելու են օբյեկտիվորեն հավասար բոլորի համար, և առաջին փուլը, երբ մենք սկսելու ենք նոր ոստիկաններ վերցնել համակարգ, դա պարեկային ծառայությունն է, չափանիշները լինելու են բարձր և հավասար բոլորի համար, այն մարդիկ, որոնք կհամապատասխանեն չափանիշներին, կմտնեն համակարգ, որոնք չեն համապատասխանի, դուրս կմնան համակարգից»:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ