Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ հաստատել է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկը, որը թույլ կտա նախկին նախագահներին ցմահ զբաղեցնել սենատորի պաշտոնը: Փորձագետները չեն բացառում, որ այս ամենը կարող է լինել «օպերացիա», որի նպատակն է շեղել ուշադրությունը Վլադիմիր Պուտինի իրական ծրագրերից, գրում է BBC-ն:
Հայտնի է դարձել, որ ցմահ սենատոր լինելու մասին սահմանադրական փոփոխությունների առաջարկը պատկանում է Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնված աշխատանքային խմբին, որի համանախագահներից մեկն էլ Պավել Կրաշենինիկովն է: Նրա խոսքով՝ նպատակն է ավելացնել նախագահի կողմից նշանակվող սենատորների թիվը՝ 17-ից դարձնելով 30, ընդ որում, նրանցից յոթն օժտված կլինեն ցմահ լիազորություններով:
Գաղափարի հեղինակը աշխատանքային խմբի անդամ Ալեքսանդր Չուբարյանն է, որը հիմնվել է Իտալիայի փորձի վրա, որտեղ նախկին նախագահները դառնում են սենատորներ:
Աշխատանքային խմբի անդամներից մեկն էլ BBC-ն հայտնել է, որ նոր սենատորների մասին հարցը բանավեճեր է առաջացրել: Նրա խոսքով՝ նախագծին դեմ հանդիսացողները պնդում են, որ Դաշնային Խորհուրդը պետք է ներկայացնի շրջանների, այլ ոչ թե նախագահների շահերը:
Կարդացեք նաև
Բանավեճ եղել է, բայց ոչ բուռն. BBC-ին հաստատել է Արդյունաբերության և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը, որը ևս խմբի անդամ է: «Այս կարգավիճակը կշնորհվի ոչ միայն նախկին նախագահներին, որոնց թիվը մեզ մոտ շատ չէ, այլ նաև տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներին, որոնք արտացոլում են ժողովրդի խիղճն ու գույնը»,- ասել է նա:
Փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ սահմանադրական փոփոխությունները ներկայացվել են երկրորդ ընթերցման անձամբ Պուտինի համար: «Առաջինը, ինչ մտածում ես, որ այս ամենը պահեստային տարբերակ է Պուտինի համար, ինչ-որ իմաստով իմունիտետ»,-BBC-ին ասել է Կարնեգիի մոսկովյան կենտրոնի փորձագետ Անդրեյ Կոլեսնիկովը:
Քաղաքագետ Աբաս Գալյամովը ևս կարծում է, որ «ցմահ սենատորի աթոռը Պուտինն ամրագրել է իր համար»: «Եթե դա այդպես է, ապա Պուտինն իհարկե չի լինի վերին պալատի շարքային անդամ: Ըստ ամենայնի նա կդառնա նախագահ՝ պաշտոնը համատեղելով օրինակ Անվտանգության խորհրդում նախագահության հետ»:
Կոլեսնիկովը կարծում է, որ ցմահ սենատոր լինելու իրավունքից կարող է օգտվել նաև նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Իսկ Գալյամովը չի բացառում, որ այս ամենն օպերացիայի մի մասն է և նպատակ ունի շեղել նախագահի իրական ծրագրերից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ