«Հարցը հանրաքվեի հանելը չի կարող դիտվել Սահմանադրության տրամաբանությանը դեմ»,- «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը «Հոդված 3» ակումբում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նշեց, որ թեև Սահմանադրության տեքստը ենթադրում է, որ հարցը պետք է ուղարկվեր ՍԴ նախքան հանրաքվեի դրվելը, այդուհանդերձ, Սահմանադրության տրամաբանությունը, ողջամտությունը ենթադրում է, որ կան լեգիտիմ հիմքեր նման քայլի չդիմելու և միանգամից հարցը հանրաքվեի հանելու համար:
Դանիել Իոաննիսյանը վստահեցրեց՝ այն երկրները, որոնց փորձն ուսումնասիրել է, չի տեսել մի երկիր, որտեղ հանրաքվեի դրվող սահմանադրական փոփոխությունների հետ կապված Սահմանադրական դատարանը պետք է եզրակացություն տա:
Նա տեղեկացրեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի հանրաքվեի ընթացքում:
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանը կարևորեց, որ հանրաքվեի դրվեն այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ իշխանությունը և հանրության մեծամասնությունը տարակարծիք են, միգուցե նաև Ամուլսարի խնդիրը:
Փաստաբան Կարապետ Բադալյանը նշեց, որ Սահմանադրության թեկուզ անցումային դրույթի փոփոխության իրականացման համար անցկացվող հանրաքվեն չի կարող միայն իրավական հարթության մեջ դիտվել. միախառնված են իրավական և քաղաքական բաղադրիչները, ուստի դրանք անջատ տիրույթներում դիտել չի կարելի: Փաստաբանը մանրամասնեց. «Հանրաքվեն գործնական գործիք է նաև հանրային հնչեղություն ունեցող հարցերի լուծում ստանալու առումով: Եթե հեղափոխությունը դիտում ենք արժեքների հեղափոխություն, իրավունքի գերակայության համար արված հեղափոխություն, սա շատ կարևոր քայլ է, որ այդ մշակույթը ձևավորվի, կարևորագույն հարցերը դրվեն ժողովրդի քննարկմանը»:
Անդրադառնալով ԱԺ-ի՝ հանրաքվեի վերաբերյալ կայացված որոշման օրինականությանը՝ նա ասաց, որ այդ որոշումը լեգիտիմության առումով անխոցելի է ու պարզաբանեց. «Չեմ կարծում, որ ֆորմալիստական առումով խնդիր կա, քանի որ Սահմանադրության 202-րդ հոդվածը հստակ և սպառիչ նախատեսում է այն գործողությունները, որոնք իրականացնում է ԱԺ-ն: Եթե բարձրագույն օրենքը Սահմանադրությունը, սպառիչ կարգավորում է իրավահարաբերությունները, այդ դեպքում դրանից ավել ոչինչ փնտրել պետք չէ: Հակառակ պարագայում նպատակը պարզ է՝ այդ կարգավորումը չիրականացնելու նպատակ է հետապնդում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի