Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան. «13 առարկա հանվել է, հիմա մարդիկ չկան, ի՞նչ անենք»

Փետրվար 13,2020 16:00

Վահան Տերյանի ծննդյան 135 ամյակի օրը՝ փետրվարի 9-ին, բանաստեղծի ծոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը տեղեկացել էր, որ «Վահան Տերյանը և հայ գրականությունը» առարկան հանվել է Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ծրագրից, ինչը լայն հնչեղություն է ստացել: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը կատարվածը չէր կապել իր եւ ԵՊՀ նախկին ռեկտորի կողմից բուհի հանրային կապերի ծառայության ղեկավար նշանակված Գեւորգ Էմին-Տերյանի հետ լարված հարաբերությունների հետ: Նա հայտնել էր, թե այլ առարկաներ էլ են հանվել ծրագրից:

Գեղամ Գեւորգյանի սանիկ, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ուրիշ ինչ առարկաներ են հանվել, բացի «Վահան Տերյանը և հայ գրականությունը»:

«Կրթական ծրագրերի միավորման արդյունքում են հանվել առարկաներ, քանի որ առկա են հստակ պահանջներ մեկ կիսամյակում կրեդիտների քանակի վերաբերյալ: Դա արվել է անցյալ տարի»,-ասաց տիկին Ասրիյանը: Նա թիվ չհայտնեց, եւ առաջարկեց հանված առարկաների թիվը ճշտել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ղեկավարությունից:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը տարակուսանք հայտնեց, որ իր խոսքով, առարկաների հանվելու պատճառով աշխարհը խառնվել է իրար:

«Մենք մագիստրատուրայի առաջին կուրսում այս տարի ընդամենը 7 ուսանող ունենք, որոնք գոյացել են 3 ամբիոնների՝ Գրականության տեսության, Հայ գրականության, Հայ նորագույն գրականության մասնագիտացումների միասնական խմբի ստեղծման միջոցով: Այսինքն, ըստ օրենքի, եթե դիմորդ լիներ, ամեն ամբիոնի մասնագիտացման գծով առանձին 10 հոգանոց մագիստրատուրայի ընդունելություն պետք է անեինք, որից էլ կբխեր, որ Գրականության տեսության ամբիոնը ավելի շատ տեսական, գրականագիտական դասընթացներ կունենար, Նորագույն գրականության ամբիոնը՝ նորագույն շրջանի դասընթացներ կունենար, Հայ դասական գրականության ամբիոնն էլ իր գծով:

Առարկաներ հանվեցին, որովհետեւ դիմորդներն ընդամենը 7-ն են, մինչդեռ ըստ օրենքի պետք է 10 հոգի լինեն: Ռեկտորատը ընդառաջեց մեզ: Սկզբում 8 դիմորդ էր, մեկն անվճարունակ էր, մնացին 7-ը, եւ այդքան հոգով բացեցինք միասնական խումբը: Այդ 7 հոգուց 4-ը դիմել էին Նորագույն գրականության ամբիոն, 3-ը՝ Հայ գրականության, 1-ը՝ Գրականության տեսության: Երբ ասացինք, որ հնարավոր չէ, որ առանձին-առանձին մասնագիտացումներ ըստ ամբիոնների բաժանվեն, նրանք ասացին, որ դասի չեն գա եւ ուրիշ տեղեր կգնան: Մենք նրանց առաջարկեցինք, որ կստեղծենք միասնական մեկ խումբ, բայց դուք ձեր ավարտական թեզերը կգրեք այն մասնագիտության գծով, որը ինքներդ կուզեք: Այսինքն 4-ը կգրեն ավարտական թեզերը Նորագույն գրականության ամբիոնի գծով, 3-ը՝ Հայ գրականության, մեկը՝ Գրականության տեսության:

Հետեւաբար, եթե մենք միացրել ենք, ուրեմն շատ առարկաներ դուրս են գալիս, քանի որ այդքան ժամեր չկան»,-պարզաբանեց պարոն Ավագյանը: Ընդգծեց, որ թողել են 2 դասընթաց, մեկը տվել են Նորագույն գրականության ամբիոնին,մյուսը՝ Հայ գրականության, որը նախկինում ուներ 2 դասընթաց: Դրանցից մեկը Հայ պոեզիան էր, որ մեջ մտնում էին Տերյանը, Չարենցը, Թումանյանը, Սիամանթոն եւ մյուսները, իսկ մյուս դասընթացը՝ միայն Տերյան էր: «Մեր ամբիոնը որոշել է ընդհանրական դասընթացը վերցնել, որտեղ բոլոր բանաստեղծները կան, քան մեկ հեղինակ»-ասաց դեկանը:

Այս պահին, դեկանի խոսքով, հանվել է 13 առարկա. «Երբ ունեինք առանձին ամբիոններով մագիստրատուրաներ, Հայ նորագույն գրականության ամբիոնում 5 դասընթաց կար, որից մնացել է 2-ը, երբ Համաշխարհային գրականությունը առանձին մագիստրատուրա է ունեցել, եղել է 7 դասընթաց, հիմա դրանցից ոչ մեկը չկա: Դրանք են «Գրականության տեսության արդի խնդիրները», «Անտիկ միջնադարյան վերածննդի գրականություն», «Ազգային մտածողություն եւ գրականություն», «Ստեղծագործական աշխատանքի հոգեբանություն», «Գրականագիտական դպրոցներ», «Աստվածաշունչը եւ համաշխարհային գրականությունը», «20-րդ դարի գրական գեղարվեստական ուղղությունները»: Բոլորը հանվել են:

Հայ գրականության ամբիոնում եղել է 4-ը, որից մեկը «Ազգային ճակատագիրը եւ հայ պոեզիան», որը նաեւ Տերյան է ներառում, եւ մյուսն էլ Տերյանն էր, որ դուրս է եկել: Մնացել է միայն Ազգային ճակատագիրը: Այս ամբիոնից հանվել են նաեւ «Կիլիկյան հայ մշակույթը եւ վերածնունդը», «Հայ գրականության շրջափուլերը, ուղղությունները, հոսանքները» եւ «Հայ նորավեպը. տեսություն եւ գործնական աշխատանք»: Սա է վիճակը…13 առարկա դուրս է եկել, հիմա չի կազմավորվում խումբը, մարդիկ չկան, ի՞նչ անենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829