Փետրվարի 13-ին ՀԲԸՄ գրասենյակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրեյփեր համալսարանի միջև ստորագրվեց հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրվեց ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և Դրեյփեր համալսարանի նախագահ Ասրա Նադիմի միջև։
Նախադեպը չունեցող կրթական այս ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որն էլ հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված ծախսերը։ Կայացավ նաեւ նախնական փուլն անցած մասնակիցների հարցազրույցը, ըստ որի արդյունքների էլ կորոշվեն հաղթողները։
Հարցազրույցի ժամանակ ելույթ ունեցավ համալսարանի նախագահ Ասրա Նադիմը, որը ներկայացրեց իրենց համալսարանը: «Կցանկանամ նշել, որ հաստատությունը պարզապես կրում է համալսարանի անուն, բայց այն ամենևին էլ համալսարան չէ։ Երբ Դրեյփեր համալսարանի հիմնադիր Թիմ Դրեյփերը ցանկանում էր այն հիմնել, նրան իր իրավաբանն ասաց, որ այդ դեպքում դուք պետք է ունենաք դասախոսներ, նման ծրագրեր և այլն, իսկ Դրեյփերը ամենևին էլ դա չէր ցանկանում», – ասաց Ասրա Նադիմը։ Նա նկատի ուներ այն, որ համալսարանում դասախոսները պրոֆեսորներ չեն, նրանք փորձառու ձեռնարկատերեր են, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց փորձով՝ նախապատրաստելով նրանց հնարավոր ներդրողի հետ հանդիպմանն ու սեփական նախագծի, բիզնես ծրագիր կամ ստարթափի ներկայացմանը։
Էլինա ՂԱԶԱՐՅԱՆ