Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը ներկրված եւ չարտահանված ավտոմեքենանների մասին

Փետրվար 13,2020 15:30

Հայաստան ներմուծված եւ չարտահանված մեքենաների ճակատագիրը դեռ պարզ չէ: 2019-ին ՀՀ մեծ քանակությամբ ավտոմեքենա ներկրվեց, հիմնական գնորդը Ղազախստանի քաղաքացիներն էին, որոնք այլեւս չեն կարող ՀՀ-ից մեքենա տանել, ու փաստորեն մեծ քանակությամբ մեքենա է կուտակվել Հայաստանում:

Ավտոներկրողները դժգոհում են, թե 3-րդ վարկեր են վերցրել, բիզնեսի մեջ դրել՝ մի քանի մեքենա ներմուծել, հույսով, որ ղազախստանցիները կգնեն: Հիմա խնդրի առաջ են, տոկոսները «ֆռռում են», մեքենաները չեն վաճառվում: Ավտոներկրողները նաեւ դժգոհում են, թե ինչո՞ւ կառավարությունն իրենց չի զգուշացրել, որ հնարավոր է խնդիր առաջանա:

Ի՞նչ է սպասվում ավտոներկրողներին. Aravot.am-ի այս հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո ասաց՝ հայկական կողմը մտադիր է դիմել ԵԱՏՄ-ին՝ սահմանը չհատած մեքենաների համար արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը երկարաձգելու հարցով։

ՊԵԿ նախագահը հիշեցրեց՝ ՀՀ-ն անդամակցել է ԵԱՏՄ-ին եւ 5 տարվա արտոնություն ստացել, 2020-ին այդ արտոնության ժամկետն ավարտվել է. «5 տարի օգտագործել ենք ներպետական օրենսդրությունը ոչ միայն մեքենաների, այլ 700 ներկրվող ապրանքատեսակների նկատմամբ։ Եթե դուք մտածում եք, որ մենք ամեն տարի պետք է ասենք՝ ժողովուրդ, հիշե՛ք՝ 5 տարին դարձել է 4 տարի, 3 տարի, 2 տարի եւ այդպես շարունակ․․․ Ես կարծում եմ, որ կառավարությունը բավարար չափով նախազգուշացրել է։ Եվ հատկապես, 2019 թվականին նախապես զգուշացվել է՝ այնպես պլանավորեք ձեր լոգիստիկան, բեռնափոխադրումները, որ կարողանաք բերել, հասցնել։ Եթե դուք կարծում եք, որ պետությունն անընդհատ պետք է ներպետական ինչ-որ միջոցառումներ անի, պետությունն այդպես չի կայանում, պետության հետ մի քիչ ավելի լուրջ պետք է վերաբերվել»:

Անանյանի ներկայացմամբ՝ միայն անցյալ տարի 189 հազար մեքենա է ներմուծվել, թե որքանն է այլ երկիր, օրինակ՝ Ղազախստան գնացել, դժվարացավ ասել, քանի որ հայկական համարներով են դուրս հանում:

Մեր հարցին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ղազախական կողմի հետ հնարավոր է այս խնդիրը քննարկեն, ի՞նչ ակնկալիքներ կան, Անանյանը պատասխանեց՝ ասաց՝ ղազախական կողմի հետ քննարկումներ եղել են հունվարի վերջին, Ղազախստանում, առաջին փուլում ոչ մի պայմանավորվածություն հնարավոր չի եղել ձեռք բերել. «Ղազախական կողմն ունի իր պահանջները հայկական կողմին։ Նրանք շատ բան ուզում են ԵԱՏՄ հարթակում կարգավորել, ինչը այդքան էլ ընդունելի չէ մեզ համար։ Հետեւաբար, առաջին փուլը չի ստացվել: 2-րդ փուլը որպեսզի ստացվի, մենք պետք է իդենտիֆիկացնենք, թե քանի մեքենա ունենք, որ դեռեւս պետք է գան Հայաստան, որովհետեւ կան մեքենաներ, որոնք դեռեւս չեն հատել ՀՀ սահմանը։ Եվ մեր քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում։ Մենք ավելի շատ այդ մեքենաների մասին ենք մտածում, որ 2-րդ անգամ փորձ կատարենք ԵԱՏՄ հարթակում խնդիրը քննարկելու»:

ՊԵԿ նախագահն ասաց՝ հնարավոր է ԵԱՏՄ գործընկերներին խնդրեն, որպեսզի կոնսենսուսով հետաձգվի նոր մաքսատուրքերի կիրառումը այն մեքենաների համար, որոնք մնացել են Վրաստանում, մարդիկ չեն կարողանում բերել. «Մենք դա փորձելու ենք իրականացնել, բայց դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ, չենք կարող ասել որովհետեւ հինգ երկրի փոխվարչապետեր են նստում ու որոշում։ Ամեն երկիր կարող է ունենալ իր մտահոգությունները, եւ Ղազախստանն ամենամեծ մտահոգությունն հայտնող երկիրն է»։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ոչ թե «պետք է պետության հետ մի քիչ ավելի լուրջ վերաբերվել», ինչպես ՊԵԿ նախագահն է ասում, այլ հենց պետությունը պետք է իր քաղաքացիներին զգուշացներ, որ կարող են խնդիրներ ծագել, և ոչ թե վարչապետի շուրթերով աճերի մասին խոսեր՝ հատկապես այդ թեմայով՝ հատկապես եթե պետությունը հարկերի տեսքով հսկայական գումարներ էր ստանում: Ու խնդիր չէր ունենա ղազախների հետ ու ոչ էլ ստիպված կլիներ ԵԱՏՄ շրանակով խնդիրներ կարգավորել դրանց ծագումից հետո:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829