Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ստեղծվելու է նախադեպ, երբ նոր իշխանությունները փոխում են ՍԴ անդամներին. մյուս իշխանությունը ունենալու է այդ հնարավորությունը». Լարիսա Ալավերդյան

Փետրվար 13,2020 15:14

«Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը «Հոդված 3» ակումբում հայտարարեց, որ իր համար հասկանալի չէ ՍԴ վերաբերյալ բավականին ոչ կոռեկտ ձևով որոշումը, որը քննարկվել ու ընդունվել է ԱԺ-ում և նաև շտապողականությունը՝ դնել այն հանրաքվեի:

Ըստ նրա՝ քաղաքական դաշտի դիրքորոշումները պարզունակ են՝ հեղափոխական և հակահեղափոխական: Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց՝ ինքն անկախ ամեն ինչից ասել է, որ հեղափոխությունները տանուլ տված դաշտ են հին իշխանությունների համար և մեծ մարտահրավեր նոր իշխանությունների համար: Ըստ նրա՝ այն նշանակությունը, որ տրվում է այս հանրաքվեին, դուրս է ԱԺ-ի ընդունած որոշման մեջ եղած հարցապնդումից. դրանք տարբեր հարթությունների մեջ են:

Անդրադառնալով խորհրդարանում այս հարցի հետ կապված քննարկումներին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Բոլոր դեպքերում շրջանցել են այն հարցի պատասխանը, թե ինչպես է գործընթացը գնում ԱԺ-ում: ԱԺ-ի այդ ողջ գործընթացը խոսում է ցածր իրավական մակարդակի մասին և շատ անզուսպ՝ առաջին հերթին վարչապետի կողմից: Սա երկրի ղեկավարի ելույթ չէր, այլ Նիկոլ Փաշինյանի անձի, որը թույլ է տվել իրեն այդ ձևակերպումներն ու ոճը: Եթե մենք դրա վրա չենք դարձնում ուշադրություն, մենք մեզ բոլորիս սովորեցնում ենք բիրտ և օրենքից հեռու գտնվող տարածքներում քննարկել կարևորագույն հարցերից մեկը: Դա իջեցնում է հանրության ոչ միայն իրավագիտակցությունը, այլև քաղաքական մշակույթը հարցի մասին խոսելու»:

Լարիսա Ալավերդյանը զարմացած է, որ ավելի հանգիստ են դրան վերաբերվել ակադեմիական շրջանակները, հայոց լեզվի մասնագետները:

Նա վստահեցրեց, որ հանրաքվեի ընթացքին պետք է հետևեն ոչ միայն այո-ի և ոչ-ի դիտորդներ, այլև անկախ դիտորդական առաքելություններ:

Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանը մտահոգություն հայտնեց. «Ստեղծվելու է նախադեպ, երբ նոր իշխանությունները փոխում են ՍԴ անդամներին և բերելու են նորը: Մյուս իշխանությունը ունենալու է այդ հնարավորությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829