Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ անգամ հարվածս շատ համաչափ կլինի». պատգամավորներին զայրացրել է փոխնախարարի գրառումը

Փետրվար 13,2020 14:35

«Տիկին Նանուշյանը խոսում է առողջության պահպանման եւ ծխելու վնասակարության մասին: Միաժամանակ, լինում են քայլեր, որոնք կապված են տիկին Նանուշյանի հետ, եւ կարծես առողջությունը ոչ թե երկրորդ պլան է մղվում, այլ մղվում է առհասարակ, որովհետեւ անձնական ամբիցիաներ կան… ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորման մասին է խոսքը: Սա կապված է ուղիղ ձեր անվան եւ գործունեության հետ»,-ԱԺ ամբիոնից այսօր նման խոսքերով «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դիմեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին:

Սոֆյա Հովսեփյանը նշեց՝ ՄԻԱՎ վարակակիրներն ամեն օր կոչ են անում, որպեսզի փոխնախարարն ու նախարարն ընդունեն իրենց, խնդիրները քննարկեն. «Գրառում եք արել… Ասեմ, հիասթափեցնեմ ձեզ, որ մի քանի օր առաջ ոչ միայն հանդիպել եմ նրանց հետ, այլեւ որպես հոգեբան աշխատել այդ մարդկանց հետ: Այն, թե ինչ ռիսկ կարող են ձեր մոտեցումները պարունակել, աղետալի է, տիկին Նանուշյան: Այստեղից խոսել առողջության պահպանման մասին եւ մեկ այլ ոլորտում հակառակ քայլ անե՞լ: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները խիստ ոտնահարված են: Սթափվեք, եւ անձնական ամբիցիաները մարդկանց համար դատավճիռ մի դարձրեք»:

Լենա Նանուշյանի գրառումը դուր չէր եկել նաեւ «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Լուսինե Բադալյանին. «Ո՞ւմ եք մեղադրում ինչ-որ շահերի մեջ՝ ՄԻԱՎ վարակակիրների թեման բարձրաձայնելու համար, մե՞զ: Նշեք, թե մեր շահը որն է: Ո՞ւմ եք մեղադրում լավ գործերով PR-վելու մեջ, մե՞զ: Ո՞ւմ էք հարցնում՝ «օրինագիծ բերե՞լ եք, ՄԻԱՎ վարակակրի հետ շփվե՞լ եք»: Այո, շատ բաներ ենք արել, չի կարելի այդպես: Ու ձեր ենթականերին անպայման նկատողություն արեք, որ պատգամավորներին, որոնք օրենքով լիազորված են հարցումներ անելու եւ թեմաներ քննարկելու, հանրայնորեն ծաղրում են: Նրանք ոչ թե դրվատանքի, այլ խիստ նկատողության են արժանի: Հաջորդ անգամ իմ հարվածը շատ համաչափ է լինելու: Փոխեք ձեր աշխատաոճը»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է ծխելու դեմ պայքարին միտված օրինագիծը երկրորդ ընթերցմամբ: Լուսինե Բադալյանը Լենա Նանուշյանին նաեւ զգուշացրեց՝ եթե մեկ անգամ էլ ծխախոտի դեմ պայքարի օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորի վերաբերյալ փոխնախարարից լսի, որ այդ պատգամավորը ֆինանսավորվում է ծխախոտ արտադրող հայտնի ընկերություններից մեկից, կկանչի պատասխանատվության՝ զրպարտության համար. «Չի կարելի նման բան անել, սա առաջին դեպքը չէ ձեր կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829