Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«17 տարի մոլի ծխող՝ օրական 4 տուփ». «Նախկին ծխող» պատգամավորի կոչը՝ ծխող կանանց եւ ինքնահաստատվող տղաներին

Փետրվար 13,2020 14:10

Ազգային ժողովն այսօր քննարկում էր «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հիշեցնենք, որ ծխելու դեմ պայքարին միտված Առողջապահության նախարարության այս օրինագիծը հանրային վայրերում ծխախոտի օգտագործման եւ գովազդի արգելքներ է սահմանում:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, որը օրինագիծը կարող է ունենալ բացասական տնտեսական հետեւանքներ. «Դժգոհ եմ կառավարությունից, որ չի կարողանում պատշաճ երկխոսել անգամ սեփական խմբակցության ներկայացուցիչերի հետ եւ լսել նրանց մտահոգությունները: Մարզերում փոքր տնտեսվարողների համար ծխախոտի ցուցանակն արգելելու մասին է խոսքը: Փոքր կրպակները մարզերում կանգնելու են լուրջ խնդի առաջ: Հուսամ՝ կառավարությունը կկրի այս բեռը եւ հարցը չի բարդի ժողովրդի ուղեղի վրա»:

«Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն օրինագծի զեկուցող, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ուշադրությունը հրավիրեց առաջարկի վրա: Ըստ Միքայելյանի՝ ծխախոտի տուփի մեկ ծխախոտի արժեքը կարող է ուղղվել «Երկրապահի» սոցիալական խնդիրներ ունեցող ազատամարտիկներին, եւ դա կդիտարկվի որպես ծխողներից տրամադրվող սոցիալական օգնություն:

«Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը համոզմունք հայտնեց, որ ծխելուն արդարացում չկա. «Ծխախոտը բերանում՝ մեր երեխաներին առողջություն եւ երկար կյանք ենք մաղթում: Չեմ կարծում, որ կա ծնող, որը կուզենար իր երեխան ծխեր: Չմոռանանք, որ լավագույն օրինակը սեփականն է: Պետությունը պետք է կրթի մարդկանց  եւ արգելի արատավոր երեւույթները, ինքնագիտակցությունը բավարար չէ: Սերունդներին պետք է բացատրել, որ ծխելը վատ է, այն մոդայիկ չէ, ուժի դրսեւորում չէ, վատ է…Երեխաների աչքի համար ծխելը պետք է լինի անսովոր երեւույթ: Ուստի վստահ եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, ու պետք չի ասել, որ արգելքները տնտեսության վրա բացասաբար կազդեն: Առողջ քաղաքացին ավելի մեծ արժեք է: Չծխելը ոչ միայն առողջարար է, այլեւ եկամտաբեր: Կոչ եմ անում դադարել ծխել»:

«Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ կարծիք հայտնեց, որ ծխելը չի կարող մարդու հիմնարար իրավունք համարվել, թեեւ ծխողների եւ չծխողների շահերն այս հարցում բախվում են:

«Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ հայտարարեց՝ 1990-2007թթ.-ին եղել է մոլի ծխող. «Օրական մինչեւ չորս տուփ… 2007թ.-ից մինչեւ օրս չեմ ծխում ոչ մի հատիկ եւ միացել եմ հակածխախոտային ակտիվիստների պայքարին՝ իմ միջավայրում եւ շրջապատում: Ծխող եւ ծխելը թողած մարդու միջեւ տարբերությունը հսկայական է: Դա երեւում է բոլոր ոլորտներում, սիրելի տղամարդիկ՝ բոլոր… (դահլիճում ծիծաղ հնչեց): Մեր սերնդի պարագայում կարող եմ ասել, թե ինչու էինք ծխում: Երիտասարդները՝ ինքնահաստատվելու, կանայք՝ էլեգանտ երեւալու համար: Տղամարդկանց մոտ դա դառնում էր վատ սովորություն եւ կախվածություն»:

Թորոսյանը դիմեց երիտասարդներին. «Սիրելիներ, ինքնահաստատվեք ոչ թե ծխելով, այլ սովորելով եւ սպորտով զբաղվելով: Սիրելի կանայք, եթե կարծում եք ծխելը մոդայիկ է, ապա ասեմ, որ այդպես չէ, այդ ժամանակներն անցել են: Գոնե ինձ համար մոդայիկ է չծխող կինը: Սիրելի տղամարդիկ, կախվածությունը թուլություն է: Իսկ թե ինչու ես թողեցի ծխելը, որովհետեւ դա կախվածություն էր: Կախվածությունը ծայրահեղ վատ խնդիր է, մի՞թե ուժ չունենք դրանից ազատվելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829