Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նորից դառնալու է ՆԳՆ, պարեկային ոստիկան դառնալու համար Ալեն Դելոններ են պահանջելու՝ բարձր աշխատավարձով. Արմեն Խաչատրյան

Փետրվար 13,2020 13:46

Մշակվել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ասաց, որ ոստիկանությունը դառնալու է նորից Ներքին գործերի նախարարություն, բազմաթիվ գործառույթներ են փոխվելու. «Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ հանցավորության տիրող իրավիճակին, ոստիկանությունը չունի համարժեք գործիքակազմը, լիազորությունները՝ իր առջեւ դրած խնդիրները լուծելու համար: Ռազմավարության մեջ մեծ ծավալի աշխատանք է կատարված, դրա արդյունքում ոստիկանությունը կլինի տեխնիկապես զինված, այսօրվա ժողովրդավարական իրավակարգին համապատասխան, կբարձրանա ոստիկանության իմիջը: Օրվա իշխանություններին ծառայող, հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակության անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով: Քրեական ոստիկանությունում բարեփոխումներ կիրականացվեն»:

Երբ Քննչական կոմիտեն ստեղծվեց, ոստիկանությունից վերցվեց նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, հիմա այն վերականգնվելու է, ոստիկանությունը պետք է ունենա քննություն իրականացնելու հնարավորություն, գործը պետք է քննի, ուղարկի դատարան ու պատասխանատվություն կրի գործի քննության համար:

Հարցին՝ ՀՀՇ-ի ժամանակ ոստիկանությունը ՆԳՆ էր, հիմա նորից վերադառնում ենք դրա՞ն՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Մարմինը դառնալու է նախարարություն: Նախկինում, այո, ՆԳՆ է եղել, բայց ՆԳՆ-ն երբ դարձավ կառավարությանն առընթեր ոստիկանություն, որեւէ էական փոփոխություն տեղի չունեցավ: ՆԳՆ դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողությունը ավելի արդյունավետ դառնալու, քաղաքական պատասխանատվությունը բարձր մակարդակի վրա դնելու համար»:

Սրան զուգահեռ, ինչպես նշեց պարոն Խաչատրյանը, ոստիկանները մեկ տարվա ընթացքում պետք է վերապատրաստվեն, լեզուների տիրապետեն, պարեկային ոստիկանների մասով նախատեսված է մինչեւ 2020-ի ավարտը լուրջ փոփոխություններ անել, նրանք պետք է ընտրվեն բծախնդրորեն, հաշվի են առնվելու ոչ միայն հմտությունները, լեզուների իմացությունը, բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած լինելը, այլեւ արտաքին տեսքը: Արմեն Խաչատրյանն ասաց, որ Վրաստանում տուրիստների առաջին շփումը ոստիկաններից են ստանում, դա դարձել է բրենդ. «Իրենց արտաքին տեսքը, տեխնիկական զինվածությունը…պարեկային ոստիկանության ձեւավորումը կնպաստի տուրիզմի զարգացմանը»:

Մեր հարցին՝ որ Ալեն Դելոններ ու Բրեդ Փիթեր եք պահանջում՝ոստիկան դառնալու համար, աշխատավարձն այդ մարդկանց բարձրացնելո՞ւ եք՝ Խաչատրյանը պատասխանեց, որ այո. «Սոցիալական երաշխիքներ են ներառվելու, իհարկե, պետք է լինի արժանապատիվ աշխատավարձ, համապատասխան սոցիալական երաշխիքներ: Առանց բարձր աշխատավարձի, այս ամենի մասին խոսելն անիմաստ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829