Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ի 2019-ի «Սև ցուցակ»-ում են Վերմիշյանը, Վանեցյանը, Օսիպյանը եւ այլք

Փետրվար 13,2020 13:40

Այս գերատեսչությունները 2019 թվականի ընթացքում անպատասխան են թողել կամ տրամադրել են անհիմն պատասխաններ/մերժումներ տեղեկություն ստանալու հարցումներին

 

1. ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» 2019թ. դեկտեմբերի 3-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ դրամաշնորհային ծրագրի շրջանակում է մշակվել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ստանալով թերի պատասխան՝ Կենտրոնը նոր հարցում էր ուղարկել՝ կրկնելով հարցերն ու խնդրելով տրամադրել նաև պատասխան գրության մեջ նշված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի փորձագիտական վերլուծության պատճենը և/կամ հղումը: Նախարարությունը տրամադրել է խիստ թերի պատասխան:

-Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին տեղեկություն ստանալու համատեղ հարցումով դիմել էին Շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել արդյոք նախարարությունը պատրաստվում է շրջանառությունից հանել 2019 թ.-ի դեկտեմբերի 2-ին շրջանառած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Տրամադրվել է անհիմն պատասխան:

-Դալմայի այգիներին առնչվող տեղեկություններ ստանալու նպատակով 2019թ․-ի նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում էր ուղարկել միաժամանակ մի քանի կառույցի, այդ թվում նաև Շրջակա միջավայրի նախարարություն։ Նախարարությունը հարցումը թողել է անպատասխան:

2.ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյան

ԻԱԿ-ը դիմել էր «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում: Դալմայի այգիներին առնչվող տեղեկություն ստանալու նպատակով սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ՀԿ-ն Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե և «Հայանտառ» ՊՈԱԿ ուղարկել է հարցումներ, որոնց ի պատասխան ստացված գրություններով չեն տրամադրվել պահանջվող տեղեկությունները, ավելին, տրամադրված պաշտոնական գրությունները պարունակում են հակասական տվյալներ խնդրո առարկայի վերաբերալ։ Նոյեմբերի 14-ին ԻԱԿ-ը հարցում է ուղարկել Քաղաքաշինության պետական կոմիտե։ Պատասխանը համարվել է անհիմն, քանի որ չի ներկայացվել հարցերից և ոչ մեկի լիարժեք պատասխանը: Միաժամանակ չի տրվել նաև ներկայացված տեղեկության հավաստիությունը հաստատող որևէ փաստ կամ հղում:

3.ՀՀ ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյան

ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու նպատակով 2019թ-ի փետրվարի 20-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: ՀՀ ոստիկանությունը 2019 թ.-ի փետրվարի 22-ին տրամադրել էր թերի պատասխան՝ մերժելով տրամադրել պահանջվող տեղեկությունների մի մասը: ԻԱԿ-ը ՀՀ ոստիկանություն է դիմել կրկնակի հարցումով։ Ոստիկանությունը կրկին մերժել էր տրամադրել 2018թ․-ի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները: Մերժումը համարվել էր անհիմն նաև այն պատճառով, որ ԻԱԿ-ի բողոքարկման գրութանը պատասխանել էր նույն պաշտոնյան 2019 թ. ապրիլի 25-ին ԻԱԿ-ը կրկին դիմել էր ՀՀ ոստիկանություն նույնաբովանդակ հարցմամբ: Այս անգամ հարցումը մնաց անպատասխան:

4.ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան

2019թ-ի փետրվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու նպատակով դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տրամադրել աշխատակազմի տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թվականի ընթացքում: Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թ.-ի փետրվարի 26-ին արձագանքել է նշելով, որ որոշ փաստաթղթեր գաղտնազերծվել և փոխանցել են այլ մարմինների: Ստացված գրությունը համարելով թերի՝ 2019 թ-ի մարտի 1-ին ԻԱԿ-ը Ազգային անվտանգության ծառայությանն է դիմել կրկնակի հարցումով՝ խնդրելով տրամադրել 2018 թվականի ընթացքում գաղտնազերծված փաստաթղթերի քանակը և դրանց ցանկը, ինչպես նաև տրամադրել այն մարմինների ցանկը, որոնց փոխանցվել են վերոնշյալ գաղտնազերծված փաստաթղթերը: Ազգային անվտանգության ծառայության երկրորդ անգամ տրամադրել է անհիմն մերժում՝ նշելով, թե չի վարում նման վիճակագրություն, իսկ գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են նախաքննության և անձնական տվյալներ:

5.ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյան

Քաղաքացի Ռուզաննա Ադանուլյանը դիմել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոն՝ խնդրելով աջակցել իրեն տեղեկատվություն ստանալու հարցում: 2019 թ.-ի փետրվարի 28-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել 2014 և 2015 թ.-ի երրորդ եռամսյակի (հոկտեմբերի 1-ից-դեկտեմբերի 1-ը) ընկած ժամանակահատվածների հաստիքացուցակը և անվանացանկը: Ստանալով թերի պատասխան ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ 2019 թ.-ի հունիսի 17-ին դիմել էր ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոն՝ խնդրելով տրամադրել հարցվող տեղեկատվությունը: Ստանալով անօրինական մերժում, ԻԱԿ-ը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։ Վարույթի արդյունքում Գործակալությունը որոշում էր կայացրել հօգուտ ԻԱԿ-ի։ Ուստի դեկտեմբերի 12-ին ԻԱԿ-ը նոր հարցում է ուղարկել Կենտրոն՝ նույն տեղեկությունը ստանալու պահանջով։ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը ուշացած արձագանքել էր նոր գրությամբ, որով մեկ անգամ ևս անօրինական մերժել էր տրամադրել պահանջվող տեղեկությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829