Այսօր կառավարության նիստում որոշվեց կլինկերի ներմուծման դեպքում տուրքի կիրառումը հետաձգել: Գործադիրը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթի նախագծին:
Այս նախագծով սահմանվում է՝ մինչեւ հուլիսի 1-ը հետաձգվել Հայաստան ներմուծվող կլինկերի համար պետական տուրքի կիրառումը: Մինչ այս որոշումը պետական տուրք պետք է կիրառվեր ապրիլի 1-ից:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նիստին ասաց, որ ցեմենտի ներմուծման համար կառավարությունը սահմանել էր 14 հազար դրամ պետական տուրք, իսկ նախնական ուսումնասիրություններով պարզվել է, որ տուրքի կիրառումից հետո Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, փոխարենը զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները. «Ուստի, մենք առաջարկում ենք ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչեւ հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն եւ վերջնական գնահատական տալ մեխանիզմի մրցակցային ազդեցությանը, ինչպես նաեւ երկարաժամկետ մրցակցության տեսանկյունից դիտել, թե ինչ առավելություն է տալիս նախագիծը»:
Ավանեսյանը ներկայացրեց որոշ ցուցանիշներ, ըստ այդմ, 2018 թվականին Իրանից ամսական ներմուծվում էր մոտ 19 հազար տոննա ցեմենտ, հիմա ծավալները 16 800 տոննա են կազմում, եռակի աճել են կլինկերի ներմուծման ծավալները. «Այսինքն՝ եթե մենք 2018 թվականին ամսական 2,8 հազար տոննա կլինկեր էինք ներմուծում, ապա այսօր 10 հազար տոննայի է դա հասել։ Զուգահեռ հայկական արտադրության ծավալները, չնայած որոշակի ընկել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ։ Ուստի, մենք կարող ենք փաստել՝ այն միջոցը, որը կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունն ունենալու համար պետք է երկարաձգել, որ ավելի խորքային ազդեցությունը կարողանան հասկանալ»:
Կարդացեք նաև
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ կան ընկերություններ, որոնք Հայաստանում ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա. Եվ այս նախագծով ընդամենը երկարաձգում ենք, որպեսզի հասկանանք՝ կլինկերի համար նույնպե՞ս պետտուրք պետք է սահմանել, թե՞ ոչ, որպեսզի Հայաստանի հանրապետությունում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»:
Հիշեցնենք, անցյալ տարի, երբ որոշվեց կլինկերի եւ ցեմենտի ներմուծման դեպքում պետտուրք կիրառել, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դժգոհություն հայտնեց, թե վնասում են իր բիզնեսը: «Արարատ ցեմենտ» գործարանը Ծառուկյանին է պատկանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ