Լրահոս
Օրվա լրահոսը

«Tarom»-ը Ryanair-ի եւ WizzAir-ի պատճառո՞վ է հեռանում ՀՀ-ից. Տաթեւիկ Ռեւազյանի պարզաբանումը

Փետրվար 13,2020 12:40

«Tarom Airline» ռումինական ավիաընկերության՝ Հայաստանի շուկայից դուրս գալու պատճառը կապված չէ Հայաստանի հետ. պատճառն ավիաընկերության ֆինանսական խնդիրներն են: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը նրան հարցրել էր. «Ռումինական ավիաընկերությունը հայտարարել է, որ փակման պատճառն անհավասար մրցակցությունն է եւ մատնացույց է արել Ryanair-ին: Մամուլը գրում է նաեւ, որ նման վտանգ կա «Էյր Ֆրանս«-ի եւ միջազգային այլ հեղինակավոր ընկերությունների դեպքում: Կպարզաբանե՞ք: Մենք չենք կարող մեզ համար շահեկան RyanAir-ի եւ WizzAir-ի պատճառով կորցնել հեղինակավոր ավիաընկերություններին»:

Տաթեւիկ Ռեւազյանը նշեց, որ ֆինանսական խնդիրներից բացի՝ «Tarom Airline»-ի ղեկավարությունը մեկ տարում վեց անգամ փոխվել է. «Դա միայն Հայաստանի հետ չէ կապված, այլեւ Վրաստանի: Մամուլի այդ հրապարակումը շատ թերի է, որովհետեւ հիմնավորումներ չկային: Այն անձը, որն իրեն ներկայացրել է, իրավասու չի եղել «Tarom»-ի կողմից խոսելու, այդ պատճառով մենք դեսպանական միջոցով ուղիղ կապի մեջ ենք եղել ավիաընկերության կոմերցիոն տնօրենի հետ: Իրենք նամակ են գրել մեզ՝ հիմնավորելով, թե ինչու են դուրս եկել շուկայից: Ryanair-ը նպաստել է, որ մրցակցությունը բարդանա, բայց այն միայն ՀՀ-ում չի բարդացել, այլեւ Ռումինիայում, Վրաստանում: Որպես ազգային փոխադրող՝ նրանք հիմա դժվար են դուրս գալիս իրավիճակից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829