Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ-ի եւ Հորդանանի միջեւ օդային հաղորդակցությունների մասին պայմանագիրը վավերացնելու հարցը: Պայմանագիրը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ստորագրել է 2018թ.-ին: Նա հայտարարեց, որ պայմանագրով հավասար հնարավորություններ են սահմանվում երկու երկրների ավիաընկերությունների համար. «Ազատականացվում է ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը: Պայմանագրի վավերացումը հիմք կարող է հանդիսանալ կանոնավոր չվերթների իրականացման համար»:
Տաթեւիկ Ռեւազյանի փոխանցմամբ՝ Հայաստանն ավիացիոն ոլորտում 40-ից ավելի միջկառավարական համաձայնագիր է ստորագրել, իսկ առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը:
«Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ ՀՀ-Հորդանան զբոսաշրջային կապերն ակտիվ չեն, ավիատոմսերի գներն էլ բարձր են:
Տաթեւիկ Ռեւազյանը պատասխանեց, որ պետք չէ սահմանափակվել մտայնությամբ, որ զբոսաշրջային հոսքը մեծ չէ, որովհետեւ ավիաընկերությունը կարող է այդ հոսքն ապահովել:
Կարդացեք նաև
«Հորդանանի պարագայում մի քիչ բարդ է: Խոսել եմ Հորդանանի բոլոր ավիաընկերությունների հետ, հետո՝ մեր ավիաընկերությունների հետ: Պարզ հետաքրքրություն դեռ չկա, բայց դա չի նշանակում, թե պետք չէ կարգավորել այդ ամենը: Այսօր շատ ուղղություններ են զարգանում, բայց պարզվեց, որ որոշ երկրների հետ չունենք պայմանագրեր, իսկ դա խոչընդոտ կարող է լինել, եթե մենք հարցը չկարգավորենք»,-շեշտեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Ռեւազյանը հավելեց, որ այսօրվա դրությամբ դեռեւս դժվար է ասել, թե դեպի Հորդանան չվերթների գները երբ եւ որքանով կնվազեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ