Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանի որդու մասով եղել է կոնկրետ անձ, որը իրավապահներին տեղեկություն է տվել, իսկ ավելի ուշ հրաժարվել է հաստատել. «Ժողովուրդ»

Փետրվար 13,2020 11:53

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արթուր Դավթյանը հրահանգել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու մասով կարճված գործը վերաբացել: Ինչպես հայտնի է, փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ է եղել, որ ՊԲ զորամասերից մեկում ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին։ Թեժ գծի ահազանգը ներկայացվել է նախարար Դավիթ Տոնոյանին, որն էլ բողոքը ներկայացրել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետին։ ԶՈՒ-ն ու իրավապահները, սակայն, հետամուտ չէին եղել, ամիսներ անց զորամասի զինվոր Վահրամ Ավագյանը մահացավ, դրա հետեւանքով կալանավորվեցին ԱԺ պատգամավորի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, եւ եւս երկու անձ։

Եվ ահա, ՊԲ-ն հաստատել էր մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ 2019 թվականի հոկտեմբերի 30-ին ստացվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Չ.-ի հարազատներից մեկի (մորաքրոջ) ահազանգն առ այն, որ, իր տեղեկություններով, զինծառայողը պարբերաբար ծեծի է ենթարկվում համածառայակիցների կողմից եւ փախուստի փորձ է կատարել։ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստվել էին նյութեր, հարուցվել էր քրեական գործ, որը փոխանցվել է կայազորի քննչական բաժին, այնուհետեւ կարճվել՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Եվ ահա, գլխավոր դատախազը փետրվարի 11-ին դատախազներին հրահանգել է վերոնշյալ կարճված գործը վերաբացել եւ քննություն իրականացնել։

Այս տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Ձեր կողմից նշված դեպքի քրեական գործով վարույթը կարճելու որոշման օրինականության ստուգման շրջանակներում պահանջվել են գործի նյութերը, որի համատեքստում կստուգվի վարույթը կարճելու որոշման վերացման հիմքերի առկայությունը, ըստ այդմ՝ կկայացվի համապատասխան դատավարական որոշում»։ Ասել է թե՝ դատախազությունը հաստատեց մեր տեղեկությունը, սակայն այսքանով էլ ամեն ինչ չի ավարտվում։

Մեկ ուշագրավ հանգամանք եւս. ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է զինծառայողների նկատմամբ բռնության բոլոր այն դեպքերով, որոնց քննությունների ընթացքում անձը չի հաստատում իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, դատախազների կողմից պարտադիր կազմակերպել նրանց ընդունելությունը։ Դատախազներից հասած տեղեկությունների համաձայն՝ այս հանձնարարականը գլխավոր դատախազը տվել է հենց ԱԺ նախկին պատգամավորի որդու մասով։

Այսինքն՝ Առաքել Մովսիսյանի որդու մասով եղել է կոնկրետ անձ, որը իրավապահներին տեղեկություն է տվել, իսկ ավելի ուշ հրաժարվել է հաստատել իր կողմից նախապես հայտնած տեղեկությունները, եւ, ահա, դատախազը հրահանգել է կոնկրետ դատախազներին այդ անձանց հետ հանդիպել, ընդունել նրանց եւ հասկանալ, թե ինչ հանգամանքներում են նրանք իրենց խոսքից հետ կանգնել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829