«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը մտահոգված է այն փաստով, որ Հայաստանում, չնայած 2018թ. Թավշյա հեղափոխությանը, լրագրողների դեմ ոտնձգություններ են իրականացվում, երբ նրանք փորձում են պաշտպանել իրենց աղբյուրներին: Այս մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Որպես օրինակ՝ կազմակերպությունը բերում է 1in.am առցանց լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի գործը: Վերջինիս դեմ դատական հայց էր ներկայացրել News.am կայքը ֆեյսբուքյան գրառման պատճառով, ըստ որի կայքը գնվել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
«Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց, որ նա պետք է «մեջբերեր իր աղբյուրը» և «ստուգեր փաստերը», չնայած նա պարզապես կարծիք էր հայտնում ոչ ֆորմալ հարթակում: Արդյունքում, Հարությունյանը հունվարի 31-ին ստիպված եղավ հերքող գրառում կատարել Facebook-ում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ոտնձգություններ են իրականացվել նաև «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի նկատմամբ: Նա քրեական հետապնդման թիրախ է դարձել, քանի որ հրաժարվել է բացահայտել իր աղբյուրներին: Կազմակերպությունը ՀՀ իշխանություններին կոչ է անում վեճերը կարգավորել ոչ դատական ճանապարհով, հակառակ դեպքում լրագրությունը կքրեականացվի:
Կարդացեք նաև
Նշվում է նաև, որ 11 հայց կա «Հրապարակ» օրաթերթի դեմ, 6-ը՝ «Հայկական ժամանակի» եւ «Առավոտի» դեմ: Խորհրդարանական Հայկ Սարգսյանը 2019թ. հոկտեմբերի նույն օրը զրպարտության մասին 8 դատական հայցեր է ներկայացրել տարբեր ԶԼՄ-ների դեմ: Բռնությունները, որոնց ենթարկվել են լրագրողները, 2018թ. հեղափոխության ցույցերի ժամանակ, փոխարինվեցին դատական հայցերով, որոնք կապված են քաղաքական բևեռացման մեծացման հետ:
Նշվում է, որ զրպարտության կամ վիրավորանքի մասին գործերը վերջին 4 տարում եռապատկվել են: ՀՀ Արդարադատության նախարարությունը 2019թ. հայտարարել է 74 գործի մասին, այն դեպքում, երբ 2016թ. եղել է 24 գործ: Լրագրողների և ԶԼՄ-ների դեմ հաճախ դատական հայցեր են ներկայացնում քաղաքական գործիչները, գործարարները, երբեմն էլ՝ մեկ այլ լրատվամիջոց: Վնասի փոխհատուցումը կարող է կազմել մինչև 2 միլիոն դրամ՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ Հայաստանը 2018 թվականի արդյունքներով մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվել 61-րդ հորիզոնականում, բայց լրագրողների դեմ դատական գործերը կարող են խաթարել Հայաստանի դիրքը 2020թ. ինդեքսում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ