Երկու դիտորդի մահ, հարձակում լրագրողների նկատմամբ, բռնություններ եւ զանգվածային ճնշումներ Ադրբեջանում կայացած ընտրությունների ընթացքում
Կիրակի օրը վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրություններ կայացան Ադրբեջանում այն բանից հետո, երբ Միլի մեջլիսի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին: Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2020թ. նոյեմբերին: Մինչդեռ նոյեմբերի վերջին Ադրբեջանի իշխող քաղաքական ուժի` «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը դռնփակ նիստում որոշեց հանդես գալ երկրի խորհրդարանը` Միլի մեջլիսը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ: Իշխող կուսակցության փոխնախագահ, գործադիր քարտուղար Ալի Ահմեդովն այսպես էր բացատրել այդ «պատմական քայլը». «Մենք այս քայլին ենք դիմում նախագահ Իլհամ Ալիեւի կողմից իրականացվող բարեփոխումներին ու կադրային փոփոխություններին աջակցելու նպատակով»:
Փորձագետները փորձում էին հասկանալ, թե որոնք էին խորհրդարանը լուծարելու իրական, խորքային պատճառները: Ադրբեջանցի քաղաքագետ, նախկին քաղբանտարկյալ, այժմ Նիդեռլանդներում բնակվող Արիֆ Յունուսովը կարծիք էր հայտնել, թե խորհրդարանի լուծարումը վկայում է իշխանության ներսում ընթացող լուրջ վերադասավորումների մասին. «Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալու գործընթացի մեկնարկը տրված է»: Իսկ «Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Մեհման Ալիեւի գնահատմամբ՝ 2015-ի նոյեմբերին ընտրված խորհրդարանի լուծարումը վկայում է Մեհրիբան Ալիեւայի ձեռքում վարչական լծակների նոր չափաբաժնի կուտակման մասին. «Այժմ ընթացքի մեջ են կառավարության լիակատար կառուցվածքային փոփոխությունները, եւ այսօր կայացված որոշումը այդ գործընթացի բաղկացուցիչ մասն է»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության` խորհրդարանը լուծարելու նախաձեռնությունը կյանքի կոչվեց առաջին փոխնախագահ եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի մոսկովյան այցից հաշվված օրեր անց: Ալիեւային Մոսկվայում դիմավորել էին նախագահական արարողակարգով` անգամ առանձին բանակցություններ էին կայացել Ռուսաստանի նախագահի հետ եւ պետական պարգեւի շնորհում:
Կարդացեք նաև
Ադրբեջանում գործող առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի` «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին համոզված էր, որ ադրբեջանական իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից գրեթե մեկ տարի շուտ անցկացնել, որպեսզի լիարժեքորեն վերահսկեն քաղաքական պրոցեսները: «Իշխանություններին այս որոշմանը դրդած գլխավոր գործոնն այն ըմբռնումն է, որ բողոքավոր ընտրազանգվածի թվաքանակը Ադրբեջանում օրեցօր մեծանում է: Կառավարությունը չգիտի, թե մինչեւ հաջորդ աշուն ինչ փոփոխությունների կենթարկվի ուժերի հարաբերակցությունը երկրում: Այդ իսկ պատճառով նրանք խորհրդարանը վաղաժամ լուծարում են, որպեսզի վարչակազմը կարողանա հանպատրաստից ընտրություններ կազմակերպել եւ հերթական անգամ կեղծել դրանք», – նկատել էր Ալի Քերիմլին:
Ի՞նչ խնդիր լուծեց Ալիեւը՝ կազմակերպելով արտահերթ ընտրություններ: Նկատենք, որ դեռ ընտրություններ նշանակելուց առաջ Ալիեւն արդեն իսկ փոխել էր երկրի վարչապետին, պաշտոնանկ արել նախագահական աշխատակազմում ու կառավարությունում տասնամյակներ աշխատած «հնաբնակներին»:
Ալիեւի քայլերն, ըստ ամենայնի, պայմանավորված են ներքին վախերով, որը ներկայացվում է երկրում բարեփոխումների մակարդակը փոխելու մղումով: Տարբեր փորձագետներ են արձանագրել, որ տնտեսական աճի տեմպերի նվազման, բնակչության սոցիալ-տնտեսական կենսամակարդակի ֆոնին՝ մեծանում է ժողովրդի դժգոհությունը, որը որեւէ կերպ պետք է հանդարտեցնել: Ահա, քաղաքական բարեփոխումների իմիտացիայով՝ հեռացնելով հին դեմքերին, որոնցից հասարակությունը հոգնել էր՝ Ալիեւը փորձում է թարմություն հաղորդել իր իշխանությանը:
Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո կրած հաղթանակի մասին հայտարարեց իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահությամբ, լուրը հայտնեց կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը՝ վկայակոչելով էքզիթ-փոլի տվյալները:
Սակայն ընտրությունները խաղաղ ու հանդարտ չեն անցել, դրանք ընթացել են բազմաթիվ խախտումներով: «Թուրան» գործակալությունը հաղորդել էր, մի շարք ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա, ջարդել տեսախցիկները, դուրս հանել նրանց ընտրատեղամասից: Մի շարք խախտումների մասին հաղորդել է «Մուսաֆաթ» կուսակցությունը, այդ թվում` իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասում չեն թույլատրել ներս մտնել: Որոշ ընտրատեղամասերում քվեատուփերը թափանցիկ չեն եղել:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ ընտրությունների ընթացքում երկու դիտորդ է մահացել: Ըստ պաշտոնական վարկածի, երկուսն էլ առողջական խնդիրներ են ունեցել: Մեկը մահացել է տան ճանապարհին, մյուսը՝ դիտորդական առաքելության ընթացքում: «Թուրան» գործակալության տվյալներով, որոշ ընտրատեղամասերում անհայտ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, հարձակվել նրանց վրա, դուրս հանել ընտրատեղամասերից: Բռնություններ են գործադրվել տեղական դիտորդների նկատմամբ: Մի ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս բերվել։
Ականատեսների վկայությամբ՝ մի ընտրատեղամասից քվեաթերթիկներ են դուրս բերվել, կողմնակի անձինք դրանց վրա նշումներ, հավանաբար քվեարկություն են կատարել: Մի ընտրատեղամասում դադարեցվել էր քվեարկությունը՝ պատճառը երկու թեկնածուների կողմնակիցների միջեւ վիճաբանությունն էր: Արձանագրություն է կազմվել, որ դիտորդներն են ինչ-որ մեկին ծեծի ենթարկել: Բռնության ենթարկված անկախ դիտորդներից մեկը՝ Ժալյա Բայրամովան պատմել է, որ Լենքորանի ընտրատեղամասերից մեկում անծանոթ կինը հարձակվել է իր վրա, մազերից քաշել եւ ճանկռոտել դեմքը՝ փորձելով կանխել քվեարկության ընթացքի նկարահանումը:
Այդ ընտրատարածքում առաջադրված էր ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջըլին: Նրա ներկայացուցիչը դիտորդների դեմ մեղադրանքն անհիմն է համարել: Բացի այդ, «Մուսավաթ»-ը հայտնել է, որ իրենց դիտորդներին մի քանի ընտրատեղամասերում թույլ չեն տվել ներս մտնել: Իսկ իշխանությունները հերքել են խախտումների մասին պնդումները: «29 ընտրատեղամասերում եղել են ոստիկանական ռեյդեր, ինչին ականատես են եղել ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի դեսպանատան եւ այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների դիտորդները», – նշել է նորաստեղծ «Ումիդ» ընդդիմադիր ուժի առաջնորդ Իգբալ Աղազադեն:
ԵԱՀԿ-ն կարծում է, որ Ադրբեջանում ընտրություններին իրական մրցակցություն չի եղել: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայտնեցին. «Չնայած մեծ թվով թեկնածուներին` օրենսդրական սահմանափակումները խոչընդոտում էին իրական մրցակցությանը»:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նշել են, որ անցած ընտրություններում տարբեր մակարդակներում ընտրական հանձնաժողովների աշխատանքը դիտորդների համար թափանցիկ էր, սակայն ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացում դա չի կարողացել ապահովել. «Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց եւ թափանցիկ էր դիտորդման համար: Այնուամենայնիվ, անաչառ ազատ ընտրություններ դա չի ապահովել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»:
«Ընտրողները չունեին ընտրության լայն հնարավորություն, քանի որ երկրում կա իրական քաղաքական քննարկումների պակաս, քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրողների, թեկնածուների վրա ճնշումների դեպքեր, չկար իրական մրցակցություն: Ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին եւ դրանք չի կարելի համարել բնակչության ազատ կամարտահայտություն», – հայտարարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների ղեկավարները:
Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Հաքիֆ Ղուրբանովը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նկատել է, որ աննախադեպ էին հատկապես անկախ դիտորդների նկատմամբ ճնշումները. «Նրանց չէին թույլատրում հարցեր տալ, շփվել մարդկանց հետ… Նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ ճնշումներն ավելի ուժեղ էին եւ կրում էին զանգվածային բնույթ»:
Ադրբեջանում անցկացված ընտրություններից հետո Ալիեւին շտապել է շնորհավորել հարեւան Թուրքիայի նախագահը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ադրբեջանցի պաշտոնակցին եւ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում վերջինիս գլխավորած կուսակցության հաղթանակի առթիվ:
«Ենի Ազերբայջանի» տարած հաղթանակի կապակցությամբ Ալիեւին շնորհավորել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս, արտահերթ ընտրություններում արձանագրված արդյունքները ակնհայտորեն հաստատեցին այն բարձր վարկանիշը, որ Ձեր գլխավորած կուսակցությունն ունի Ադրբեջանի քաղաքացիների շրջանում»: Պուտինն Ալիեւին վստահեցրել է, որ Մոսկվայի եւ Բաքվի «ռազմավարական հարաբերությունները» հետագայում է՛լ ավելի կամրապնդվեն:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 12.02.2020