Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սպանվածի դուստրը պաշտպանություն է խնդրում դատարանից

Փետրվար 13,2020 14:00

Աշոտ Բաղդասարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը չառարկեց, որպեսզի սպանության գործով բեկանված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ Նորքի նստավայրում ընթացող նիստը լուսաբանվի, միայն բացառությամբ՝ չնկարվի ամբաստանյալը: Ոստիկանության նախկին աշխատակից, հինգ տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Բաղդասարյանը մեղադրվել էր սպանության եւ ապօրինի զենք կրելու համար: Նա երեկ էլ ընդունեց զենքի մասով իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն սպանությանը`ոչ:

Ըստ դատարանում հրապարակված մեղադրանքի՝ «Ամբաստանյալը Երեւան քաղաքի Լուկաշին 1-ին փողոցի 36 տան բնակիչ Տիգրան Արշակյանի կողմից հեռախոսազրույցի ընթացքում իր հոր՝ Արմեն Բաղդասարյանի հետ անհարգալից խոսելու հանգամանքը պարզաբանելու նպատակով՝ հորաքրոջ որդու՝ Արման Ենոքյանի հետ 2016 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, գնացել է Տիգրան Արշակյանի բնակության վայր՝ իրեն պատկանող «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով:

Մեքենան կանգնեցրել է Լուկաշին փողոցի 29 տան դիմաց: Պարզաբանումներ կատարելու նպատակով հեռախոսազանգով դուրս է հրավիրել Տիգրան Արշակյանին, որից հետո, նշված հասցեի դիմաց՝ փողոցում, վիճաբանության մեջ է մտել Տիգրան Արշակյանի, եւ վերջինիս հետ տնից դուրս եկած եղբոր՝ Տարոն Արշակյանի հետ, որի ընթացքում բռունցքով մեկ անգամ հարվածել է Տիգրան Արշակյանի դեմքին, այնուհետեւ, որդուն՝ Տիգրանին հանցավոր ոտնձգությունից պաշտպանելու համար սույն գործով տուժող Սամվել Արշակյանի կողմից վիճաբանությանը միջամտելուց եւ Աշոտ Բաղդասարյանի առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, Աշոտ Բաղդասարյանը մոտեցել է իրեն պատկանող «Հոնդա Սոնատա» ավտոմեքենային, հետեւի ձախ կողմից վերցրել է իր ավտոմեքենայում ապօրինի պահվող 1913 թվականի գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «Նագան» տեսակի «16623» համարի թմբուկավոր ատրճանակը, որի բռնակով մեկ անգամ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին, պատճառելով ձախ քունքա-գագաթա-ծոծրակային շրջանում սալջարդ վերքի եւ ենթամաշկային արյունազեղման ձեւով արտահայտված թեթեւ աստիճանի մարմնական վնասվածք, որից հետո Սամվել Արշակյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ երեք անգամ կրակել է վերջինիս կրծքավանդակի, ձախ զստային շրջանի, ձախ ազդրի հատվածներին, պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր աստիճանի մարմնական վնասվածքներ,…ինչի հետեւանքով առաջացած արյան սուր կորստից Սամվել Արշակյանը մահացել է»:

Դատարանում տուժողի իրավահաջորդը`սպանվածի դուստր Անի Արշակյանը հանդես եկավ իր նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու միջնորդությամբ: Նա երեքամյա երեխայի հետ ականատես է եղել հոր սպանությանը, եւ իր ընտանիքի, իր երեխաների անվտանգության համար ուներ վախ, մասնավորապես, ամբաստանյալի հորից:

Մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829