Ըստ Աստվածաշնչի, ինքնասպանությունը մեղք է, եւ դրան մղող պատճառները հիմնականում մի քանիսն են. անհեռատես քայլերի պատճառով առաջացած նյութական մեծ կորուստների ու պարտքերի առկայություն, որի հետեւանքով տվյալ մարդը հայտնվում է լրիվ անելանելի վիճակում եւ այդ հարցի լուծման ոչ մի այլ ճանապարհ չի գտնում, պատանեկան եւ երիտասարդ տարիքում անպատասխան զգացմունքի ու ամենամոտ հարազատի՝ ծնողի, եղբոր, քրոջ, ընկերոջ մահվան հանգամանք, լքվածության եւ մենակության զգացում, որը եւս մարդուն բերում է մի դաշտ, երբ իրեն թվում է, որ ինքն այլեւս ոչ մեկին պետք չէ եւ այսպես շարունակ:
Ինքնասպանությունը եղել է բոլոր ժամանակներում եւ քանի մարդկությունը կա, այն շարունակվելու է: Մարդիկ ինքնասպանության են գնում անելանելի հոգեկան վիճակներից դրդված, իսկ այդ վիճակների դրդապատճառները, հետագիծը, տեւողությունը եւ տվյալ իրավիճակներում վերջնական որոշման կայացումը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ընթանում: Նրանց մոտ հիմնականում մի ընդհանրական գիծ է նշմարվում, այն է՝ նրանք հիմնականում կամքից թույլ մարդիկ են լինում, այդ կրիտիկական պահերին շատ նեղ՝ միայն իրենց անձնական հարցերի դաշտով են նայում կյանքին, որի հետեւանքով հայտնվում են չափազանց վատատեսական իրավիճակում, ընդհանրապես լավատեսության ոչ մի տարր չի մնում նրանց մեջ ու քանի որ այդ պահին չեն կարողանում կոկորդը խեղդող խնդիրներին լուծում տալ, կյանքը նրանց ներկայանում է որպես անիմաստ, դատարկ մի բան, որոնց հանրագումարի արդյունքում չեն կարողանում պայքարել ստեղծված իրավիճակի դեմ, իրենց համարում են բացարձակ անզոր՝ եղած խնդիրները լուծելու համար եւ զոհասեղանին դրված երկու իրավիճակներից՝ ինքնասիրության վերջնական ոտնահարումից փրկություն կամ ինքնասպանություն, արդյունքում ընտրում են երկրորդը:
Փաստացի, նման իրավիճակներում նրանք այնքան ազդված են լինում ու նրանց մտածողության ամբողջական դաշտն այնքան նեղ ու սահմանափակ է դառնում, որ այդ պահերին նրանց մտահորիզոնից ամեն ինչ, նույնիսկ կյանքն իր երանություններով, ծնողներ, երեխաներ, մի խոսքով ամեն-ամեն ինչ լրիվ մշուշվում եւ վերանում է ու տեսանելի է մնում լոկ այն խնդիրների փունջը, որոնք ծնել են տվյալ իրավիճակը, որից էլ իրենք հայտնվում են լիովին թեւաթափ ու անհուսալի վիճակում ու ինչպես ասվեց վերեւում, իրենց թվում է փրկության միակ ճանապարհը՝ գոնե ինքնասիրությունը թվացյալ փրկելու ուղին դառնում է միակը եւ ընտրում են ինքնասպանության ճանապարհը:
Նրանք անտարակույս, կարելի է ասել համարյա բոլորը, ճակատագրական քայլից վայրկյաններ առաջ, մահվան նկատմամբ զարհուրելի վախ են ապրում, որի պատճառով նրանց որոշ մասն այնուամենայնիվ հենց վախից չի գնում այդ քայլին, իսկ մնացած մասը լրիվ բթացած ուղեղով՝ այդ պահին դարձյալ՝ եւս մեկ անգամ հիշելով ստեղծված իրավիճակի անելանելիությունը եւ այն իրողությունը, որ միեւնույն է, իրենք փրկության ոչ մի ելք չունեն, սարսափելի վախը մի կերպ հաղթահարելով, այնուամենայնիվ, գնում են այդ ճակատագրական քայլին՝ ինքնասպանության: Իհարկե, շատ հաճախ նրանց կողմից նման քայլի գնալուն այլ անձանց կողմից զսպող խոչընդոտներ չեն լինում, քանի որ նրանք այդ օրերին շատ ինքնամփոփ են լինում, նույնիսկ ամենամտերիմների հետ չեն կիսվում ոչ իրենց վիճակի, ոչ էլ այն քայլի մասին, որին պատրաստվում են դիմել:
Կարդացեք նաև
Ուզում եմ այստեղ շատ կարեւոր մի հանգամանքի մասին խոսել. մարդիկ, եթե ձեր շրջապատից որեւէ մեկը հայտնվում է նման իրավիճակում ու եթե նույնիսկ ֆինանսապես չեք կարողանում օգնել նրան, ապա գոնե զգոն եղեք եւ նրան մշտապես պահեք ուշադրության կենտրոնում, փորձեք նրա հետ մշտապես կապի մեջ լինել, լավատեսական խորհուրդներ, ուժ ու հույս տվեք նրան, բարձրաձայնեք նրան, որ մշտապես իր կողքին եք եւ Տիրոջ ողորմածությամբ ու օրհնանքով ինքն անպայման արագ դուրս կգա այդ վիճակից եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Այդ վիճակից տեղյակ բոլոր ծանոթ, առավել եւս մտերիմ մարդիկ պետք է սիրով շրջապատեն այդ մարդուն, ով կարող է՝ ֆինանսական միջոցներով, ով անկեղծ խորհուրդներով հույս տան նրան, որպեսզի նա ազատվի այդ բացասական լիցքերից, իր մեջ ուժ հավաքի եւ հետ կանգնի այդ մտադրությունից:
Այդ պահերին ամենակարեւոր գործոնն այն է, որ նա իրեն մենակ չզգա եւ տեսնի, որ սիրով շրջապատված է մտերիմներով, որից ինքն անտարակույս շատ կոգեւորվի ու իրեն կարժեւորի, որը նրան մեծ լիցք կհաղորդի սթափվելու եւ ապրելու արժեքը նորովի իմաստավորելու համար, իսկ դա իր հերթին կդառնա իր սեւ մտադրությունից հեռանալու՝ առաջին քայլը կատարելու գրավականը: Իսկ նման վիճակից փրկության ամենակարեւոր գործոնը հենց այդ առաջին քայլի կատարումն է, որն սկսում է հիմք դնել ինքնասպանության մտադրությունից աստիճանական հեռանալուն եւ ապրելու մտադրության վերագտնմանը:
Դա իրավիճակի դրական դինամիկայի ամենադժվարին քայլն է, որն այլ խոսքով իրավիճակից փրկվելու հաջողության կեսն է, որի շարունակության իրագործումը շատ ավելի հեշտ ու դյուրին կլինի: Հենց մտերիմների այս անտարբերությունն է, որ չի խոչընդոտում ինքնասպանությունների կատարմանը, քանզի հակառակ պարագայում դրանց ճնշող մեծամասնությունը կկանխվեր: Մարդիկ, մշտապես խոնարհվեք Տիրոջը եւ առաջնորդվեք միմիայն քրիստոնեության ոսկե կանոնով. մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես կուզենայիք, որ նրանք ձեզ հետ վարվեն…:
Հավատացնում եմ, որ նման պարագայում, հարյուրավոր լավ բաների կողքին, կկանխեք նաեւ բազմաթիվ ինքնասպանությունների իրագործումը…
Տերը պահապան բոլորիս…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
12.02.2020