Իմ առաջին դասղեկը՝ Լերա Գուրգենովնա Գումեդինան, 95 տարեկան է: Որ մենք՝ մեր դասարանի բոլոր աշակերտները, սիրով եւ շնորհակալությամբ ենք հիշում նրան, դա բնական է: Բայց հրաշալի է, որ նա էլ իր հերթին մեկ առ մեկ, անուններով հիշում է իր աշակերտներին: Այդ թվում նաեւ մեզ՝ արդեն ոչ այնքան երիտասարդ մարդկանց, որոնց նա դասավանդում էր կես դար առաջ:
Գումեդինը Խորհրդային Հայաստանի պատմության մեջ հայտնի ազգանուն է: Արմատներով Շուշիից Գուրգեն Մելիք-Դադայանը կուսակցական եւ պետական գործիչ էր, տարբեր բարձր պաշտոններ էր զբաղեցնում Անդկովկասի Դաշնությունում եւ Հայաստանում: 1937 թվականին դարձել էր ստալինյան բռնաճնշումների զոհ: Ենթադրում եմ, որ բոլշեւիկներին դուր չէր գալիս նրա ազնվականությունը: Այդ չափազանց կարեւոր եւ հաճախ չհանդիպող հատկությունը Գումեդինը փոխանցել էր դստերը, իսկ վերջինս այդ ոգով փորձում էր դաստիարակել մեզ՝ իր աշակերտներին: Ի՞նչ է նշանակում «լինել ազնվական»: Իմ կարծիքով՝ դա նշանակում է լինել զգայուն, վեհանձն, չխորանալ մանր-մունր խնդիրների մեջ, անշահախնդրորեն նվիրված լինել գործին ու ընկերներին: Լերա Գուգենովնան, որն ունեցել էր բարեկեցիկ մանկություն, իսկ հետո տագնապներով լի պատանեկություն եւ երիտասարդություն, մեզ ոչ միայն տառեր եւ թվեր էր սովորեցնում, այլեւ փորձում էր մեզ փոխանցել կյանքի իր ընկալումը: Ի հեճուկս դժվարությունների եւ զրկանքների՝ այդ ընկալումը պայծառ է, լուսավոր:
Աջափնյակում գտնվող 122-րդ դպրոցը, որտեղ մենք սովորել ենք, ամենեւին յուրահատուկ եւ «պրեստիժային» չէր, սովորական խորհրդային դպրոց էր: Բայց հիմա ես հասկանում եմ, որ այդ սովորական դպրոցում դասավանդում էին ամենեւին ոչ սովորական ուսուցիչներ, որոնք, բացի գիտելիքներ տալուց, մեր առջեւ դրել էին բարոյական բարձր չափանիշներ: Եվ այդ ոչ սովորական ուսուցիչներից առաջինը Լերա Գուրգենովնան էր: Միշտ չէ, որ մենք մեր հետագա կյանքում համապատասխանել ենք այդ չափանիշներին, բայց դրանք, այնուամենայնիվ, կան, արմատավորված են մեր գիտակցության մեջ:
Իսկ ամենակարեւորը՝ դպրոցում մենք՝ համադասարանցիներս, դարձանք ընկերներ, հարազատներ, եւ այդ ընկերությունը տեւում է արդեն 50 տարուց ավելի: Աստված Ձեզ առողջություն տա, մեր առաջին Ուսուցչուհի:
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան