Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՎԿ-ն խիստ ուշացած, կիսատ եւ անբավարար է համարում ապրիլի 5-ին նշանակված համաժողովրդական սահմանադրական հանրաքվեի հարցադրումը

Փետրվար 12,2020 23:23

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ) խիստ ուշացած, կիսատ եւ անբավարար է համարում ս․թ․ ապրիլի 5-ին նշանակված համաժողովրդական սահմանադրական հանրաքվեի հարցադրումը։ Ուշացած, որովհետեւ Հայաստանում հանրային լայնածավալ ընդվզումը դեռեւս 2018 թվականի գարնանն էր ստեղծել մինչ այդ առկա քաղաքական համակարգի արմատական փոփոխություններ իրականացնելու բոլոր պայմաններն ու հնարավորությունները։ Կիսատ, որովհետեւ միայն Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունն առանձին վերցրած չի ապահովում ՀՀ-ում անհրաժեշտ համապարփակ համակարգային բարեփոխումները։ Անբավարար, որովհետեւ ՀՀ նոր իշխանություններն անցած քսան ամիսների ընթացքում խուսափել են կատարել Հայաստանի ինքնիշխանությունն ապահովող թերեւս ամենակարեւոր գործառույթը՝ քաղաքական գնահատական տալ նախորդ՝ բոլշեւիկյան եւ դրան հաջորդած նեոբոլշեւիկյան ռեժիմներին։

Փաստենք, որ արդեն իսկ 1990-ականների սկզբին Անկախության հռչակագրում և այնուհետեւ ՀՀ Սահմանադրությունում կոպտագույն իրավական սխալ է կատարվել, երբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է ոչ թե 1918-1921 թթ․ ազատ, անկախ և ինքնիշխան, Ազգերի լիգայի կողմից ճանաչված Առաջին հանրապետության օրինական իրավահաջորդը, այլ ընդամենը Խորհրդային Միության կազմում 70 տարի գոյատեւած եւ ՀԽՍՀ անվանված փոխանորդը։ Ստացվում է, որ մենք դեռ շարունակում ենք ապրել ՀԽՍՀ-ում, որը պարզապես վերանվանված է ՀՀ-ի: Մեր երկրի նման գաղութային կախվածության և տխուր «ավանդույթների» պահպանումը հիմք ու պատճառ դարձավ վերջին երեք տասնամյակների ընթացքում գրեթե բոլոր ժողովրդական կամարտահայտությունների կեղծմանը՝ իրար հաջորդող բոլոր իշխանությունների կողմից։ Կեղծվել էին 1995, 2005 եւ 2015 թթ․ հանրաքվեների արդյունքները, կեղծվել էին Ազգային Ժողովի 1995, 2003, 2007, 2012, 2017 թթ․ ընտրությունները, կեղծվել էին ՀՀ նախագահական 1996, 1998, 2003, 2008, 2013 թթ․ ընտրությունները։ Ընդ որում, 2011 թվականից ի վեր բոլոր կեղծված ընտրությունները ՀՀ-ում վավերացվել եւ ուղղորդվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մինչ այսօր գործող ղեկավար կազմի մասնակցությամբ։

ՀԵՎԿ-ը մեկ անգամ եւս իր անվերապահ համոզմունքն է հաստատում մեր երկրում բոլոր պետական, դատաիրավական և ուժային կառույցների արմատական բարեփոխումների ու դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանող մակարդակին հասցնելու հրատապ անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ մասին մենք բազմիցս ենք նշել և պաշտոնապես հայտարարել էինք դեռեւս անցյալ տարի, երբ ՀՀ-ում դատաիրավական ճգնաժամը դեռ նոր էր սկսվում։ Այդ առումով հանրաքվեն եղել եւ մնում է ժողովրդավարության կարեւոր ու հզոր միջոց, սակայն դրա կետային, կոնյունկտուրային կիրառումը նույնքան վտանգավոր եւ վարկաբեկիչ է ժողովրդավարության համար, որքան էլ դրա կեղծումն ու ոտնահարումը։ Եթե ներկայիս ՀՀ կառավարությունն ու ԱԺ-ն հանրաքվեի են դնում Սահմանադրական դատարանի կազմի փոփոխման հարցը, ապա ինչո՞ւ առանց ժողովրդական կամարտահայտության էին ընդունվում ՀՀ-ի համար շատ ավելի կարեւոր ու բախտորոշ որոշումները, ինչպիսիք էին ԵԱՏՄ-ի կազմում մնալու հիմնախնդիրը, հանքերի՝ բնապահպանական աղետ ներկայացնող կամ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու հարցերը։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիական հասարակությանը եւ իշխանությանը՝ ապրիլի 5-ի հանրաքվեից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում և համաժողովրդական լայն կոնսենսուսի շրջանակներում ձեռնամուխ լինել արդեն սահմանադրական համապարփակ փոփոխությունների գործընթացին և ՀՀ նոր Սահմանադրության ընդունման համաժողովրդական հանրաքվեի անցկացմանը, որն էլ ի վերջո կարտացոլի Հայաստանի ապագաղութացման և համակարգային փոփոխությունների իրական քաղաքական պատկերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829