Այն քաղաքացիները, որոնք ստացել են ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականներ 2016-ի մայիսի 25-ից հետո և որոնց ժամկետները լրանում են 2020-ի հունվարի 1-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմամբ՝ դրանց վավերականության ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 1-ը:
Փետրվարի 12-ին կայացած ԿԸՀ նիստում տեղեկացվեց, որ ԿԸՀ-ն դասընթացներ կազմակերպելու հնարավորություն չունի, բայց միայն մարզկենտրոններում և Երևանում ստուգարքի հնարավորություն կտրվի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ունենալ որակավորման վկայական և ընդգրկվել ընտրական գործընթացներում: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ԿԸՀ կայքում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ այս օրերին ԿԸՀ բազմաթիվ քաղաքացիներ են դիմում դասընթացի մասնակցության հարցով: Այս առիթով նա պարզաբանեց. «Իհարկե, ժամկետները կարճ են, բայց կարևորն այն է, որ շատ քաղաքացիներ, որոնք չեն մասնակցել դասընթացներին, հետաքրքրված են՝ ինչ եղանակով կարող են որակավորման դասընթացի կամ ստուգարքի մասնակցել, ստանալ որակավորման վկայական»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ