Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակյան. «Դատախազությունը Կամազների գործով գտել է մի հանգամանք, որը հանրությանը չի ներկայացրել, պատշաճ քննության չի ենթարկել»

Փետրվար 12,2020 20:21

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը չի շտապում քաղաքապետի եւ նրա տեղակալի՝  պաշտոնեական լիազորությունների անցման եւ պաշտոնեական կեղծիքի գործով,  ինչպես խոստացել էր, ջոկերը  խաղի մեջ դնել:

Անցյալ տարի Խաժակյանը ՀՔԾ-ին ներկայացրել էր փաստաթուղթ, որն, ըստ Խաժակյանի, վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով, իրականում չի նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: ՀՔԾ-ին այդ փաստաթուղթը ներկայացնելու օրը, Խաժակյանն ասել էր.«Ես գիտեմ որ ուղղությամբ են փորձելու հետագա քողարկումներն ու շտկումներն անել, եւ եթե հանկարծ այդ ուղղությամբ գնան՝ նոր կեղծ փաստաթղթեր ստեղծեն, ես պետք է ասեմ, որ ունեմ այս խաղի Ջոկերը, որը վերջնականապես իրենց բոլոր հարցերին կտա պատասխաններ…»:

Հունվարի 13-ին ՀՔԾ-ն մերժել է Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:

Aravot.am-ը Խաժակյանից հետաքրքրվեց՝ արդյոք չի պատրաստվում իր խոստացած ջոկերը խաղի մեջ դնել:

Այս առնչությամբ ավագանու անդամն ասաց.«Քրեական գործ չհարուցելու ՀՔԾ-ի որոշումից հետո, դիմեցի դատախազություն՝ վերադաս բողոքարկման: Դատախազությունից ստացա պատասխան, որը շատ ավելի բաց հարցեր էր թողնում, քան հենց ՀՔԾ-ի որոշումը: Երկուսի դեպքում էլ, որքան մենք քննարկեցինք իրավաբանների հետ, ակնհայտորեն շրջանցել են իմ կողմից բարձրացված մի շարք հարցեր: Ես ունեմ երկու տարբերակ՝ հասկանալով, որ որեւէ կամք չկա գործը բացահայտելու, կամ պետք է ջոկերը հանեի, եւ որպես լրացուցիչ հանգամանք ներկայացնեի, որը եւս անտեսելու ինչ-որ ձեւ կգտնեին, կամ ես դա պետք է պահեմ, որպեսզի հարմար պահի, եւ չեմ բացառում հաջորդ իշխանությունների ժամանակ, երբ ՀՔԾ-ն եւ դատախազությունը նման վարքագիծ չեն ցուցաբերի, որպես նոր ի հայտ եկած հանգամանք այն ներկայացնեմ, պահանջեմ դատախազությունից հարուցել քրեական գործ: Որովհետեւ, եթե ես հիմա գործի դնեմ եւ դատախազությունը նույնկերպ լղոզի, ինչպես լղոզեց նախորդ փաստերը, ես, ըստ էության, հնարավորություն չեմ ունենա հետագայում  քրեական գործը վերաբացելու: Որովհետեւ լրացուցիչ հանգամանք դժվար ի հայտ գա»: Ըստ Խաժակյանի, սա այն գործոնն է, որի հիման վրա էլ սպասելու է հարմար պահի, երբ նկատի, որ կա քաղաքական կամք՝ քրեական գործի հարուցման  համար:

Aravot.am-ի ճշտող հարցին՝ որքան պետք է սպասի, մինչեւ իշխանությունը փոխվի, իսկ եթե հաջորդ ընտրություններին էլ «Իմ քայլն» ընտրվի, կրկի՞ն ջոկերը խաղի մեջ չի դնի, Խաժակյանը պատասխանեց.«Ես տեսնում եմ, որ այս իշխանության, այս դատախազության եւ ՀՔԾ-ի կողմից այս գործը չի կարող օբյեկտիվորեն քննվել: Բայց առաջիկայում ես լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ Կամազների գործով, եւ հանրությունը կտեսնի, թե կամքի բացակայությունը որքան նկատելի եւ շոշափելի է»:

Թե որոնք են այդ լրացուցիչ տեղեկությունները, Խաժակյանն ամբողջը չասաց, խոստացավ մեկ շաբաթից հայտարարություն անել, բայց փակագծերը մի փոքր բացեց.«Դատախազությունը վեր է հանել մի հանգամանք, որը հետագայում հանրությանը չի ներկայացրել եւ պատշաճ քննության չի ենթարկել: Ես դա ապացուցող փաստաթուղթը շուտով կներկայացնեմ: Այդ փաստաթուղթը կոռուպցիոն գործարքի մասին է, դրանով շատ համընկնողներ ապացուցում են պաշտոնական փաստաթղթերով, որոնք նկատել է դատախազությունը, բայց ընթացք չի տվել: Այսինքն` երկու դեպքում էլ՝ թե՛ լիազորությունների անցման կեղծիքի, թե՛ կամազների գործով, մենք տեսնում ենք, որ իրենք հանգամանքները վերհանելու խնդիր չունեն, իրենք խնդիր ունեն դրանց իրավական պատշաճ գնահատական տալու, որի կամքի բացակայությունը եղած փաստական հանգամանքներից արդեն ակնհայտ է դառնում»:

Խաժակյանը վստահ է՝ այս երկու գործով էլ իրավապահները կողմնակալ են: Որպես իր ասածի ապացույց, օրինակ է բերում.«Երբ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորեցին, եւ խոսակցություն էր գնում այն մասին, որ նաեւ նախագծումների եւ շինթույլտվությունների ոլորտում կա խնդիր, ես նկատի ունեմ կոռուպցիոն գործոն, ես ակնկալում էի, որ նաեւ քաղաքապետարանի այն պաշտոնյաները, որոնք կարող են ներգրավված լինել, վեր կհանվեին: Որովհետեւ քաղաքաշինության կոմիտեն ունի լիազորությունների որոշակի շրջանակ, որը քաղաքացու համար ամբողջությամբ իրացնում է միայն քաղաքապետարանի ներգրավմամբ: Օրինակ՝ եթե քաղաքացին դիմում է ասենք որեւէ տեղ հողի նշանակությունը փոխելու եւ կառուցապատում անելու համար,  հողի նշանակությունը փոխվում է կոմիտեի եզրակացությամբ, հետո գալիս է շինթույլտվությունը տրվում  քաղաքապետարանում: Հիմա, եթե հաշվի առնենք այն հայտարարությունները եւ ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ այս մասով կան ներգրավվածություն քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից, նշանակում է՝ այդ գործը պետք է հասներ եւ քննվել նաեւ քաղաքապետարանում: Բայց տպավորություն է, որ քաղաքապետարանի պաշտոնյաները, որոնք իշխանության ներկայացուցիչներն են, անձեռնամխելի են, որովհետեւ նույնիսկ առերեւույթ կասկածները վեր չեն հանվում: Իսկ այն թուղթը, որը տալիս է դատախազությունը, որպես «ալիբի»,  որ պաշտոնյանները մեղավորություն չունեն, այդ փաստաթղթի ծավալը շատ բան է ասում, թե ինչ չափով իրենք կամք չունեն այդ գործը վեր հանելու: Ավելին, եթե նոր Հայաստանում իրենք պետք է ուսումնասիրեին այնպես համակողմանի, ինչպես ուսումնասիրում են նախկինների գործերը, ուրեմն թող ինձ ասեն՝ ինչ եղավ կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանի  հետ կապված խնդիրը, երբ նրա հարազատ քրոջ որդին շահում է մրցույթներն՝ իր ղեկավարած հանձնաժողովում: Հաշվի առնելով, որ այս գործերին չեն անդրադառնում, ես հասկանում եմ, որ թիրախում են այն մարդիկ, որոնց նշանակել է այս իշխանությունը, բայց իրենց թիմի մաս չեն, եւ անձեռնմխելի են այն պաշտոնյաները, որոնց վրա կարծես տարածվում է անմեղության հարյուր տոկոսանոց կանխավարկածը»:

Այսօր քաղաքապետի խոսնակը հիշեցրել է Խաժակյանի անցյալ տարի արած հայտարարությունը, թե Խաժակյանը ներողություն կխնդրի, եթե ՀՔԾ-ն դիմումը մերժի:

Այս առնչությամբ էլ Խաժակյանն ասաց. «Կարապետյանը, այսինքն՝ տվյալ դեպքում քաղաքապետը շտապում է, ես զարմացած եմ, որ նախորդ նիստին ինչո՞ւ քաղաքապետն ինքն այդ հարցը չտվեց: Բայց ես հասկանում եմ այս հետեւողականությունից, որ իրենք «դիսկոմֆորտ» են զգում, որ ես նիստի, հարցուպատասխանի ժամանակ ելույթներ չեմ ունենում, ես դա, անպայման, հաշվի կառնեմ եւ կաշխատեմ այդպիսի նիստ իրենց չընձեռեմ»: Ապա Խաժակյանը վստահեցրեց.«Ես ասել եմ՝ եթե ՀՔԾ-ն ապացուցի, որ այդ գործողություններն օրինական են՝ ես ներողություն կխնդրեմ: Նախ` այդ ընթացքում ի հայտ եկան բազմաթիվ հանգամանքներ, որոնք ապացուցեցին մեղավորությունը, 2-րդ՝ այն, որ ՀՔԾ-ն, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր, այնպես էլ հիմա, որոշ քաղաքական հարցերում զբաղված է գործը ջրելով, հնարավորությունը չի տալիս ասելու, որ իրենք դա ապացուցել են: ՀՔԾ-ի 38 էջանոց փաստաթուղթը վերլուծելով՝ ապշում եմ, ինչպես կարող էր նման բան գրվեր, եւ ուրեմն՝ գործ ջրելը թող չխառնեն ապացուցելու կամ հակաապացուցելու հետ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829