Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի դուք մտածում եք, որ ես ձեզ պիտի սպառնա՞մ, պարո՛ն Մարուքյան, մտածում եք, ես ձեր ավտոն պիտի վառե՞մ, ձեր հետեւից պիտի մա՞րդ ուղարկեմ». Փաշինյանի ու Մարուքյանի պարզաբանումները

Փետրվար 12,2020 20:02

«Եթե դուք պիտի գաք այստեղ ուժեղ ելույթ ունենաք, հետո Սիսակին ասեք՝ մի հատ հարց պիտի տաս, ելույթս սրբագրեմ, պիտի արդարանամ, իմաստը դրա ո՞րն էր: Եվ մի բան էլ՝ կարո՞ղ է ձեր ֆեյսբուքի account-ը գողացել են, այդ ի՞նչ բան է խորհրդարանի նիստն այդպես անլրջացնել»,- այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպիսի հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Մարուքյանը հիշեցրեց, որ իր ելույթում, երբ Փաշինյանի՝ «նվիրյալների ու հակապետականների» մասին արտահայտության մասին էր խոսում, հարցրեց՝ դա՞ նկատի ունի վարչապետը, ճի՞շտ են հասկացել, վարչապետը գլխով էր արել ու դրանից հետո Փաշինյանը չի կարող սրբագրել իր խոսքերը, չի ստացվի. «Այլակարծության տարրական հարգանք չկա: Որ ասում եք՝ մենք որ սպառնացող լինեինք, եւ այլ…հենց ԱԺ ելույթից հետո Վանաձորում աուդիտով փնտրում են ԼՀԿ ներկայացուցիչներ: Ես ուզում եմ իմանալ՝ այդ ո՞վ է հանձնարարել աուդիտով հարցերի պլանի մեջ գրել, թե «Լուսավոր Հայաստանից» ձեր մոտ ո՞վ կա աշխատող»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այն, ինչ ասել է ԱԺ-ում այն ժամանակ, կարող է կրկնել: Նա ասաց. «Ես միշտ համարել եմ, որ մենք մի դաշտում ենք ու այն ուժերին, որոնք ժողովրդի կամարտահայտությանը դեմ են, համարել ենք հակապետական ուժեր: Ես նայում եմ հիմա, թե դուք հեղափոխությունից հետո ոնց եք…անձամբ դուք, մի հատ նայենք ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ որ ինքը նստած է եղել: Նայենք ձեր տոնը, ձեր բառապաշարը, ձեր «վորդինգը», համեմատենք հիմիկվա հետ: Այո, վայելեք այն ազատությունը, որ հեղափոխությունը ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա: Դուք կարայիք Սերժ Սարգսյանի ներկայությամբ այդպե՞ս խոսել, եկեք նայենք վիդեոները, Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ձեր խոսակցության տոնայնությունը, մյուսների ներկայությամբ ու հիմա: Ես հասկանում եմ, կարող է այն աթոռից է, որ դուք նստած եք, ոգեշնչում է առաջանում»:

Հիշեցնենք, որ այնտեղ, որտեղ հիմա նստում է Մարուքյանը, «Ելք» խմբակցության ժամանակ նստում էր Փաշինյանը:

Ինչ վերաբերում է աուդիտին, Փաշինյանն ասաց, որ աուդիտ անողի տվյալները տա՝ հանձնարարողի հարցերը ինքը կլուծի. «Բացառված է, դուք մտածում եք, որ մենք կարող ենք այսօր ձեր դեմ որեւէ մեկին հանձնարարություն տա՞նք: Տվեք, գնանք, բռնենք, պատժենք, փաստաթուղթը տվեք, ապացույց տվեք: ԱԱԾ պետին էլ, ոստիկանապետին էլ հիմա հանձնարարեմ՝ գտնենք: Ինչի դուք մտածում եք, որ ես ձեզ պիտի սպառնա՞մ, պարոն Մարուքյան, մտածում եք, ես ձեր ավտոն պիտի վառե՞մ, ձեր հետեւից պիտի մա՞րդ ուղարկեմ: Ուղարկողների առաջ, չեմ ուզում կոպիտ բան ասեմ, շատ բարեհամբույր, ժպիտի մեղմ դոզայով եք խոսացել: Ես դեմ չեմ, ասում եմ՝ վայելեք այս հնարավորությունը, հարձակվեք մեզ վրա»:

Մարուքյանն արձագանքեց. «Ես 7 տարի պատգամավոր եմ եղել մինչեւ հեղափոխությունը, Սերժ Սարգսյանը 7 տարվա մեջ մի անգամ է մտել ԱԺ դահլիճ՝ ապրիլի 17-ին, երբ ուզեցել է ընտրվի վարչապետ: Երկու ելույթի հնարավորություն եմ ունեցել, երկու ելույթ եմ ունեցել ու աչքերի մեջ նայելով՝ ասել եմ ինչ եմ մտածում իր մասին: Դրանից առաջ եղել է վարչապետ Կարեն Կարապետյանը, էլի ասել եմ, դրանից առաջ եղել է Հովիկ Աբրահամյանը՝ նույնը, դրանից առաջ Տիգրան Սարգսյանը, էլի նույնը: Ես զարմանում եմ, իշխանությունը կարո՞ղ է պրոբլեմ է առաջացնում հիշողության մեջ, ո՞նց կարելի է սա մոռանաք, ո՞նց եք մոռացել: Ո՞նց էի ես սփրթնած: Որ իրավապաշտպան էի, էդ վախտ էի սփրթնա՞ծ, սաղ օրը բանտերում էի, թե՞ որ անկախ պատգամավոր էի: Ի՞նչ վիրավորանք է»:

Ինչ վերաբերում է տոնայնությանը, Մարուքյանն ասաց. «Ինչ տոնով որ մեզ սպառնում էիք այդ ելույթի ժամանակ, այդ տոնով էլ պատասխանել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829