«Բանակում վերջին շրջանում 43 օրում մենք ունեցել ենք 10 զոհ՝ ոչ մարտական պատճառով: Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին, չգիտենք ինչու, գեներալ մայորի կոչում շնորհեցիք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցադրումները հնչեցրեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Վարչապետը պատասխանեց, որ խնդիրը հասկանալու համար այսօր պետք է գնանք ու տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում. «Ես այս վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ասում են՝ գողական ապրելակերպը մեր ազգային ինքնության պահպանման համար շատ կարեւոր է: Ես զարմացած եմ: Ճշտելու առիթ չեմ ունեցել պատգամավորների հետ, որոնց վերագրվում է, բայց խնդիրն այդտեղից է: Մենք բանակում վարտիքը փոխելու խնդիր ենք չէ՞ դրել իմ՝ վարչապետ դառնալուց հետո: Վարտիքները փոխվեց, լվացքի մեքենայով ապահովվեցին զորամասերը, հետո պարզվեց, որ մեր զինվորի արժանապատվության համար պրոբլեմ է, երբ որ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Դու հասկանո՞ւմ եք սա ինչ պրոբլեմ է: Երբ հանկարծ մի զինվոր հայտնվի, որը կրում է մի վարտիք, որն ուրիշի վարտիքների հետ լվացքի մեքենայի մեջ է եղել, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծի»:
Վարչապետն ասաց, որ պետք է մինչեւ գենետիկ մակարդակում այս խնդիրն ախտորոշել: Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը ՔԿՀ-ում է եղել ու տեսել է, թե ոնց են ինչ-ինչ հասկացությունների համար մարդկանց «ջարդում, սարքում հողին հավասար»:
Արման Բաբաջանյանը նաեւ հետաքրքրվեց հունվարի 29-ին եւ 30-ին տեղի ունեցած բանակցային գործընթացից, որը տեւել է մոտ 11 ժամ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ: Հաշվի առնելով շահարկումները՝ նա խնդրեց պարզաբանել, թե ի՞նչն է եղել այդքան երկարատեւ բանակցության առարկան: Վարչապետը պատասխանեց, որ ինչ պիտի խոսվեր ու ինչ խոսել են, ԱԺ ամբիոնից գոնե ինքը մի տասը անգամ ասել է. «Մենք մեր օրակարգը հռչակել ենք: Մնացած բոլոր անհեթեթագույն շահարկումները մեկնաբանության կարիք չունեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ