Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը եւ Վրաստանի փոխվարչապետը քննարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում նախատեսվող Բարեկամության կամրջի շինարարության ծրագիրը

Փետրվար 12,2020 18:50

Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են բարեկամ երկրների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝  կողմերն անդրադարձել են վարչատարածքային բարեփոխումների բնագավառում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությանը, համայնքների միավորման և ապակենտրոնացման, ինչպես նաև աղբահանության, աղբավայրերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին, ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում՝ Դեբեդ գետի վրա՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման մեկնարկին Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին  այցի կապակցությամբ և նկատել, որ նմանօրինակ բարձր մակարդակի շփումները հնարավորություն են ընձեռնում էլ ավելի սերտացնել հայ-վրացական օրըստօրե զարգացող հարաբերությունները։ «Մեր գերատեսչությունների միջև առկա են ընդհանուր լուծման առարկա և ընդհանուր մարտահրավեր հանդիսացող մի շարք հարցեր, որոնք պահանջում են համատեղ համակարգված աշխատանք»,- ասել է վրացի պաշտոնյան։

Նախարար Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և առանձնահատուկ վերաբերմունքի համար՝ ընդգծելով Հայաստանի համար հարևան պետության հետ երկկողմ համագործակցության կարևորությունը։ «Կառուցվածքի և լիազորությունների շրջանակով մեր գերատեսչություններն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ Հայաստանում ներկայումս ընթացող բարեփոխումների այս փուլում մեզ համար չափազանց կարևոր է հաղորդակից դառնալ ենթակառուցվածքային զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման այն նախաձեռնություններին, որոնցում վրացական կողմը հաջողություններ է արձանագրել»,-նշել է Սուրեն Պապիկյանը։

Միևնույն ժամանակ նախարարի կողմից կարևորվել է տարածաշրջանային զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային ծրագրերի ներդաշնակեցումն ու միասնական օրակարգով առևտրատնտեսական կապերի խորացումը։

Օրակարգային հարցերի թվում նախարար Պապիկյանը խոսել է սահմանային Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա,  նախատեսվող  Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից։

Նախարար Պապիկյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել կամրջի նախագծային աշխատանքների ընթացքի վրա և ընդգծել երկկողմ ներգրավվածությունն  ակտիվացնելու ու նախագծի հաստատման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝  ծրագրի հաջողության պարագայում վերջինիս ռազմավարական կարևոր նշանակությունը երկու երկրների և տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության համար։

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման միջոցով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829