Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգիսյանը ԱԺ-ում բողոքեց՝ գործարարի ցանած կանեփն իրենցով են արել. Ավինյանը վստահեցրեց՝ կառավարությունը չէր կարող թույլ տալ ՀՀ-ում կանեփ ցանել

Փետրվար 12,2020 19:20

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցը նիստերի դահլիճում աշխուժություն մտցրեց, որովհետեւ այն վերաբերում էր կանեփին: Նա ասաց, որ ներդրող է եկել՝ տեխնիկական կանեփի ցանքի համար. «Ներդրողը 170 հազար դոլարի սերմացու է գնել, բերել է, ցանել է, այդ ամբողջ ընթացքում ոստիկանության հետ կնքել է 24 ժամյա պահպանության պայմանագիր, որ մեկ հեկտարը պահպանեն: Հետո, երբ եկել է բերքը հավաքելու ժամանակը, ոստիկանությունը եկել է եւ առգրավել է, նույն ոստիկանությունը, որը մի քանի ամիս պահպանել է այդ տարածքը: Ամիսներ շարունակ այդ գործարարը չի կարողանում կառավարությունից պատասխան ստանալ, թե ինչ անի: Դիմել է ներկայացուցիչը ինձ: Արդեն մոտ 400 հազար դոլարի ներդրում է կատարել գործարարն ու մնացել անորոշ վիճակում»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Տվյալ գործարարը կառավարությունից որեւէ համաձայնություն նման գործունեություն ծավալելու համար չի ստացել ու չէր կարող ունենալ, որովհետեւ մեր օրենքներով ու կառավարության համապատասխան որոշմամբ կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում արգելված է, նույնիսկ՝ տեխնիկական»:

Ավինյանն ասաց, որ տարբեր երկրներում տեխնիկական կանեփի արտադրությունն արգելված չէ, հիմա ՀՀ-ում մեզ մոտ էլ քննարկում են, թե որ երկրներում ինչպիսի կարգավորումներ կան ու կանեփի արտադրությունն ինչ հնարավորություններ է ստեղծում:

Ավինյանը վստահեցրեց, որ տվյալ գործարարի մատնանշած ներդրման այդ չափը գերչափազանցված է:

Գորգիսյանը զարմացավ՝ առանց կառավարութան թույլտվության ինչպե՞ս կարող էին ներկրել սերմացու, 1 հա տարածքում ցանք կատարել, ոստիկանության հետ պայմանագիր կնքել ու կառավարությունը տեղյակ չլինի՞ այդ գործընթացից. «Ո՞նց է ստացվում, որ ներմուծվել է, ցանվել է, քաղվել է, այդ ամբողջ ընթացքում կառավարությունը ոչ մի բան չի ձեռնարկել, վերջին պահին եկել առգրավել է»: Գորգիսյանը հորդորեց համապատասխան կառույցների ղեկավարներին պաշտոնանկ անել:

Ավինյանն էլ հիշեցրեց, որ այդ կառույցի ղեկավարը՝ հավանաբար նկատի ուներ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, այլեւս չի աշխատում, պաշտոնանկ է արվել, ինչ վերաբերում է ներմուծմանը, նա ասաց, որ միգուցե կարգավորումներով կանեփի սերմի ներմուծումը չի արգելվում, արգելվում է արտադրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829