Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը գործադիրից հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ ճակատագիր է ունենալու Հրանտ Մաթեւոսյանի թանգարանը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2003թ.-ից «Հրանտ Մաթեւոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի» կառույցի շինարարությունն անավարտ է: Թագուհի Ղազարյանը նշեց, որ անգամ վարչապետի մոտ է այս հարցով քննարկում եղել, եւ մաթեւոսյանասերները սպասում են զարգացումների:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց՝ կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում. «Երրորդ հարկն ավարտելու համար գումարի հատկացում կլինի, հիմնադրամի հետ քննարկել ենք ռազմավարական ծրագիրը, թե ինչպես պետք է թանգարանը զարգանա: Երրորդ հարկի ավարտից հետո մենք պատրաստակամություն ենք հայտնել առաջիկա տարիներին աջակցելու նաեւ ֆինանսական միջոցներով, որպեսզի որոշ հաստիքներ լինեն: Մեզ ասացին, որ հիմնադրամը կարող է ինքնաբավ դառնալ եւ իր կյանքով ապրել: Հարցը քննարկել եմ նաեւ Մաթեւոսյանի որդու հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ