«ԱԺ ամբիոնից ձեր արած հայտարարություններից մեկը քննարկումների եւ մտահոգությունների առիթ տվեց: Ասացիք, որ «բոլոր այն մարդիկ եւ ուժերը, որոնք կփորձեն իրավական կամ այլ ճանապարհով խոչընդոտել ժողովրդի կամարտահայտմանը, կարժանանան հակահարվածի՝ որպես հակապետական եւ հակաժողովրդական ուժեր, իսկ ժողովրդի բարձրագույն իրավունքն ընդունածները կլինեն ապագա կերտող նվիրյալներ»: Որոշ ուժեր «գող՝ սիրտը դող» սկզբունքով շտապեցին հայտարարել, որ մեզ դաժան օրեր են սպասվում: Կպարզաբանե՞ք, թե ինչ էիք նկատի ունեցել: Արդյոք պատրաստվո՞ւմ եք վառել նրանց մեքենաները, ինչպես հնչեց»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարցադրում հղեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե մենք մեքենա վառող լինեինք, մեզ հետ այդպես չէին խոսի: Եղել են ժամանակներ, երբ կային մեքենա վառողներ, շքամուտքերում մարդ ծեծողներ, կրակող-սպանողներ, եւ այդպիսինների հետ նման մարդիկ նման տոնով չեն խոսացել, որովհետեւ գիտեին, որ խոսալուն կհաջորդեր մեքենա վառելն ու շքամուտքում ծեծվելը: Ես ուրախ եմ, որ մեր կառավարության պայմաններում նման քննարկումներ են տեղի ունենում մեր հասցեին, որովհետեւ այն ժամանակ, երբ ես այդ մասին խոսում էի, որոշ ընդդիմադիրներ ԱԺ դահլիճում սփրթնում էին: Ուրախ եմ, որ հիմա նրանք գտել են իրենց վստահությունը»:
Ապա Փաշինյանը հստակեցրեց՝ հանրաքվեի վերաբերյալ ինքն ԱԺ ամբիոնից ասել է, որ ով կխոչընդոտի ժողովրդի ազատ կամարտահայտմանը, կհամարվի ոչ պետականամետ. «Ժողովրդի ազատ կամարտահայտումը բոլորիս երազանքն է եղել: Իսկ ինչո՞ւ եմ ասել իրավական խոչընդոտ: Եթե որոշումը սահմանադրական դատարանում վիճարկվի, այդպես կգնահատենք: Խոսքս չեմ սրբագրում, հասկացեք այնպես, ինչպես ասել եմ այս ամբիոնից»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ