Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի խայտառակ ռեժիմը ոչ պակաս սպառնալիք է միջազգային անվտանգությանը, քան միջազգային ահաբեկչությունը». Ռուբեն Մեհրաբյան

Փետրվար 12,2020 17:22

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ադրբեջանում տեղի ունեցածը կարևոր է մեզ համար, քանի որ այս ուշագրավ զարգացումները մեզ մեծապես ևս մեկ անգամ օգնում են ընկալել, թե ինչ է կատարվում ընդհանրապես միջազգային քաղաքական խոհանոցներում: Այս առիթով ՄԱՀՀԻ գրասենյակում անցկացված «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. հնարավոր դիպաշարեր և զարգացումներ» խորագրով փորձագիտական քննարկմանը Ռուբեն Մեհրաբյանը մանրամասնեց. «Մենք տեսնում ենք, թե ինչ սարսափելի պատկեր է այնտեղ: Գոնե Ադրբեջանում ընտրությունների՝ միջազգային արձագանքներից ուղղակի այդ ամենը սկսեց թափանցիկ երևալ նույնիսկ քաղաքականությունից հեռու գտնվող մարդկանց համար»:

Անդրադառնալով ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ-ի համատեղ առաքելության հայտարարությանը, փորձագետն ասաց. «Դրա հետ մեկտեղ մենք տեսանք նաև մի քանի միջազգային կազմակերպությունների բավականին պահպանողական պահվածքն այդ ընտրությունների արդյունքում: GUAM կոչվածը, որը ներառում է Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Ադրբեջանը, մի անհասկանալի կազմակերպություն է և դա կոչեց Ադրբեջանում ընտրությունները ժողովրդավարական և ազատ: Ես հաստատ չեմ ցանկանա, ոչ Վրաստանին, ոչ Մոլդովային ունենալ ադրբեջանական ընտրություններ, հակառակ դեպքում պարզ չի լինի՝ Վրաստանն ինչու համար է արել հեղափոխություն և ինչու Մայդանում մարդիկ զոհվեցին»:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչած գնահատականներին՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց՝ ՌԴ-ն դուրս է որևէ քննադատությունից, քանի որ ըստ նրա՝ ցանկացած ավտորիտար դրսևորում պետք է գոհացնի մայր ավտորիտարիզմին, և այստեղ որևէ հակաբնական բան չկա գոնե իրենց տեսանկյունից:

Անդրադառնալով մյուս կառույցների հայտարարություններին՝ փորձագետը նկատեց. «Մենք տեսանք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը շատ ավելի խիստ գնահատականով հանդես եկավ՝ չնայած հղում անելով ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի զեկույցին, ԵՄ-ն ասաց, որ ԺՀՄԻԳ-ը ինչ ասում է, ճիշտ է ասում: Առանձին եվրոպական երկրների դեսպաններ խոստացան նույնիսկ միլիարդների ներդրումներ անել ադրբեջանական տնտեսության մեջ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ բարոյական ռելատիվիզմը քաղաքակիրթ աշխարհում հատել է բարոյականության բոլոր հատակները, և սա մարտահրավեր է միջազգային անվտանգությանը: Ադրբեջանի խայտառակ ռեժիմը, որի հետ սիրախաղեր են անում տարբեր շրջանակներ և կոռումպացված եվրոպական շրջանակներ, ուղղակի ոչ պակաս սպառնալիք է միջազգային անվտանգությանը, քան միջազգային ահաբեկչությունը»:

Համեմատելով նախկինում Հայաստանում գոյություն ունեցող իրավիճակի հետ՝ Ռուբեն Մեհրաբյանը եզրափակեց. «Հայաստանում տեղի էր ունենում գրեթե նույն բանը. կարկառուն ՀՀԿ-ականների զավակները ստանում էին պաշտոններ, ընտրվում քաղաքապետեր կամ այլ ընտրովի պաշտոններ, և Հայաստանի ադրբեջանացումը կասեցվեց նաև այս հեղափոխությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ The Armenian Institute of International and Security Affairs – AIISA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829