ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրության առարկա են դարձվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի շինարարական-վերանորոգման ծրագրերով, կնքած պայմանագրերով կատարված աշխատանքների ստուգման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Եղեգնաձորի համայնքապետարանը 2016-2017թթ. ընթացքում տարբեր ընկերությունների հետ կնքել է համայնքում տարբեր փողոցներում լուսավորության ցանցերի հիմնանորոգման, «Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների խոհանոցի, տանիքի, առանձին բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման պայմանագրեր: Սակայն պայմանագրերով կատարված աշխատանքների տեղազննությունների, հսկիչ չափագրումների արդյունքում պարզվել է, որ աշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից ներկայացված և համայնքի ղեկավարի կողմից ընդունված կատարողական ակտերով, հանձնման-ընդունման փաստաթղթերով արձանագրվել են տարբեր չափերի փաստացի պակաս կատարված աշխատանքներ։
Այսինքն Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից կազմված նշված պայմանագրերի կատարողական ակտերում և հանձնման-ընդունման արձանագրություններում գրառված տեղեկությունները շուրջ 3.3մլն դրամի կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալների վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանել։
Բացի այդ, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից տեղում իրականացվել են 2 տարբեր ընկերությունների հետ կնքված պայմանագրերով 2018-2019թթ. Եղեգնաձորի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կատարված ասֆալտբետոնի վերին շերտի հանուկների նմուշառումներ և 5 հիմնական պարամետրերով (հաստություն, միջին խտություն, խտացման գործակից, ջրահագեցման տոկոս, ծակոտկենությունների տոկոս) կատարվել են դրանց լաբորատոր փորձարկումներ: Դրանց արդյունքում պարզվել է, որ նմուշառված հանուկները 3 կամ 4 պարամետրերով չեն համապատասխանել գործող նորմերով ներկայացվող պահանջներին և ըստ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ այդ անհամապատասխանությունների պայմաններում հնարավոր չի լինի ասֆալտը շահագործել նախագծով նախատեսված նորմատիվային ժամանակահատվածի ամբողջ ընթացքում՝ առանց հետագա լրացուցիչ միջոցառումների։ Այսինքն` պարզվել է, որ շուրջ 41 մլն դրամի չափով կատարվել է անարդյունավետ ծախս:
Կարդացեք նաև
Այսպիսով, ՀՀ պետական վերահսկողական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումանսիրությունների արդյունքում ստացվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019թթ., պաշտոնական փաստաթղթերում՝ կատարողական ակտերում, հանձնման և ընդունման արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3.3մլն դրամի վատնում կատարելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով շուրջ 41 մլն դրամի գործող նորմատիվների հիմնական պահանջներին չհամապատասխանող աշխատանքներն ընդունելու և ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ։
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ծանր հետևանքներ առաջացնելու և 314-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն