Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ 10 միլիոն դրամով տուգանվեց Հայաստանի ատոմակայանը

Փետրվար 12,2020 16:32

«Հայկական ատոմային էլեկտրակայանն» այսօր տուգանվեց 10 միլիոն դրամով: Ատոմակայանի հարցը քննարկվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում: Ըստ հանձնաժողովի որոշման, ՀԱԷԿ-ը խախտել է լիցենզիայի պայմանները, ինչի համար էլ տուգանվել է: Խախտումներն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ 2019 թվականին, հանձնաժողովի նախագահի՝ հոկտեմբերի 3-ի եւ հոկտեմբերի 7-ի հրամանների հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը մոնիթորինգ է արել՝ պարզելու ՀԱԷԿ-ում արտադրվող էլեկտրական էներգիայի՝ սեփական կարիքների համար օգտագործումը արդյոք համապատասխանո՞ւմ է հանձնաժողովի սահմանած կարգավորումներին:

Այսօր հանձնաժողովի նիստում հարցը ներկայացրեց ՀԾԿՀ-ի Ֆինանսատեխնիկական եւ դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը: Ըստ նրա, ՀԱԷԿ տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ատոմակայանի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ: Ուստի, Հանձնաժողովը 10 միլիոն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար:

«Հաշվարկային կենտրոն» ընկերությանը 45-օրյա ժամկետում պետք է կատարի համապատասխան վերահաշվարկ, որպեսզի ՀԱԷԿ-ը եռամսյա ժամկետում վերականգնի ՀԷՑ-ին, արդյունքում նաեւ սպառողներին հասցրած վնասը:

Հանձնաժողովի նիստին ներկա Հայաստանի ատոմակայանի իրավաբանը որոշ բացատրություններ ներկայացրեց, սակայն տուգանված կողմն, ըստ էության, ընդունեց խախտումը:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ, սահմանվեց, որ բնակչության դեպքում մինչեւ 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջոցներով: Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով:

Նախկին կարգավորումների համաձայն գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում էր դիմողը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829