«Կրթության մասին օրենքում» եւ կից օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծն այսօր ԱԺ-ում քննարկվում է առաջին ընթերցմամբ: Պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Հարություն Բաբայանի եւ Մխիթար Հայրապետյանի հեղինակած այս օրինագիծն առաջարկում է, որ ուսումնարաններում ու քոլեջներում մրցութային կարգով ոչ միայն պետպատվերով, այլեւ՝ վճարովի կարգով տեղեր սահմանվեն, որպեսզի երեխաները ստիպված չգնան ավագ դպրոցներ, փոխարենը՝ արհեստ սովորեն:
«Սա մեկնարկային քայլ է եւ կարեւոր փոփոխություն: Վերջին մեկ տարում մեր հանձնաժողովը շատ մտահոգություններ է լսել ծնողներից այն մասին, որ երեխաները հնարավորություն չեն ունեցել ուսումը շարունակել քոլեջում կամ ուսումնարանում՝ այն պատճառով, որ պետպատվերով անվճար տեղեր չեն եղել կամ քիչ են եղել: Ուստի ուզում ենք հնարավորություն տալ վճարովի հիմունքներով սովորել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում»,-հայտարարեց Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ այս օրինագիծը միտված է նաեւ նրան, որ մասնավոր ընկերություններն ակտիվ գործակցեն քոլեջների եւ ուսումնարանների հետ, ոչ թե իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխանող առանձին դպրոցներ բացեն կամ դասընթացներ իրականացնեն: Ըստ պատգամավորի՝ այսօր բարձրակարգ էլեկտրիկներ, զոդողներ ու խառատներ չունենք, բայց աշխատաշուկայում պահանջարկը կա. «Ուժեղացնելով միջին մասնագիտական հաստատությունները՝ երիտասարդ կադրերի ներգրավման հնարավորություն կստեղծենք»:
Օրինագծի հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ որպես օրինակ նշեց, որ երեւանյան հայտնի պանդոկներից մեկը սեփական խոհարարական դպրոցն ունի, որովհետեւ բիզնեսը սպասել չի կարող:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այս օրինագծի վերաբերյալ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մի շարք մտահոգություններ եւ անհամաձայնություն է հայտնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ